04․03․2022 ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՏԱՍՆՅԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Շվեդիայում, Բելգիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում սփյուռքի երիտասարդ դեսպաններն առցանց հանդիպում են ունեցել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որին միացել են նաև տվյալ համայնքներում բնակվող ուսուցիչներ: Քննարկվել են արդյունավետ և նորարար կրթության մեթոդաբանությանը վերաբերող հարցեր, կատարվել է փորձի փոխանակում:

Գերմանիայում սփյուռքի երիտասարդ Անի Գալուստյանը և Կրասնոդարում սփյուռքի երիտասարդ դեսպան Լուսինե Բայաթյանը «ռեԱրմենիա» համագործակցության հարթակը ներկայացնելու համար համայնքային միջոցառում էին կազմակերպել, որին մասնակցում էր նաև հարթակի ղեկավար Գևորգ Պողոսյանը: «ռեԱրմենիա»-ում  միավորվում են հայության ամենակարևոր չորս ակտիվները՝ գիտելիք, կապեր, մասնագիտական փորձ, նյութական աջակցություն։ Հարթակի ներկայացուցիչները ներկայացրին հայկական համայնքների ներուժի համախմբման և արդյունավետ աշխատանքի իրենց ծրագրերը:

Շվեդիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Ինեսա Ռուբինյանը հանդիպումներ է ունեցել Ուփսալայի հայկական մշակութային միության և «Support Armenia Fund» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Նա ներկայացրել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը, քննարկել Շվեդիայի հայ համայնքին առնչվող հարցեր:

Վրաստանում սփյուռքի երիտասարդ դեսպան Էմիլ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վիրահայոց թեմի երիտասարդական հարցերի բաժնի և Սամցխե Ջավախեթիի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերը: Քննարկվել են նաև տարածաշրջանում ապրող էթնիկ փոքրամասնությունների արդի խնդիրները և դրանք լուծելու ճանապարհները։

Չիտայում սփյուռքի երիտասարդ դեսպան Հարություն Աթոյանը հանդիպել է «Մաշտոց» կրթամշակութային կենտրոն այցելող երեխաների ծնողների հետ: Հանդիպման հիմնական թեմաները վերաբերել են մեր գրասենյակի գործունեությանը, ծրագրերին, ինչպես նաև հայրենադարձությանը:  Երիտասարդ դեսպանը հանդիպել է նաև համայնքի երիտասարդությանը, զրուցել համայնքային կյանքում երիտասարդների ներգրավվածության բարձրացման մասին: Հանդիպմանը միացել է նաև «Դեպի Հայք» հիմնադրամի ներկայացուցիչը՝ ներկայացնելով Հայաստանում կամավորության հնարավորությունները:

«Դեպի Հայք»-ի մասին համայնքային իրազեկման հանդիպումներ են ունեցել նաև Ուկրաինայում սփյուռքի երիտասարդ դեսպան Լիլիթ Բեգլարյանը և Վրաստանում սփյուռքի երիտասարդ դեսպան Էմիլ Սարգսյանը:

Եկատերինբուրգում երիտասարդ դեսպան Լուսինե Ուստյանը Ուրալի դաշնային և բժշկական համալսարանների հայ ուսանողների հետ քննարկել է հայրենադարձության թեման: Հատուկ անդրադարձ է եղել ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրին: Լուսինե Ուստյանը սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրն է ներկայացրել տեղի հայ երեխաներին, ովքեր այս ամառ կարող են դառնալ 14-օրյա ծրագրի մասնակիցը:

Կրասնոյարսկում երիտասարդ դեսպան Արմեն Սարգսյանը համայնքի «Եղբայրություն» միության հետ հարցուպատասխանի ձևաչափով հանդիպում է կազմակերպել հայտնի պատմաբան, միջազգայնագետ, հրապարակախոս Սարգիս Ծատուրյանի մասնակցությամբ:

Ավելի վաղ Իսպանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Սարգիս Հակոբյանը

Կատալոնիայի «Արարատ» հայկական միության կից «Այբ» դպրոցում մասնակցել է  Հայոց բանակի  ստեղծման 30-ամյակի միջոցառմանը, որին ներկա է եղել նաև Իսպանիայի խորհրդարանի  պատգամավոր Մարտա Ռոսիկեն: Նրան է ներկայացվել Արցախի ներկայիս իրավիճակը և աջակցելու հնարավորությունները:

Աղբյուր․ http://diaspora.gov.am