ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱԿԻՐՃ / 10.03.2022

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Վարչապետը ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակն ու անթույլատրելի համարել Ադրբեջանի կողմից վերջին օրերին շարունակվող սադրիչ գործողությունները: Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն ավարտվել է:
  • Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների թիմը Եվրոպայի առաջնությունում 3 բրոնզե մեդալ է նվաճել:
  • Կառավարության որոշմամբ բնակարանների գնման վկայականներ կստանան 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող այն անձինք, որոնք բնակվում են մարզերում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, թե այս ծրագրի համար նախատեսել են 1,4 միլիարդ դրամ. 254 ընտանիք է ծրագրում ներառված։
  • Արցախում քաղաքացիական մեկ անձ է վիրավորվել. Ադրբեջանը Խրամորթի ուղղությամբ կուտակել է ծանր տեխնիկա. ՀՀ ՄԻՊ
  • Հայաստանում կհայտարարվեն երկամսյա և եռամսյա վարժական հավաքներ. կներգրավվի մինչև 1400 քաղաքացի։ Ըստ այդմ՝ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը:
  • Մարտի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:Տեղի կունենան նաև մի շարք հանդիպումներ գործընկերների հետ: