Հայաստանում այս պահին չկա ուկրաինահայերին ֆինանսական աջակցություն տրամադրելու որևէ փաթեթ։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս պահի դրությամբ երկրորդ երկրներում գտնվող 100 ուկրաինահայից է Հայաստան տեղափոխվելու դիմում ստացել՝ այս մասին հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանը։
«Ուկրաինայի արևմտյան հատվածին սահմանակից երկրորդ երկրներում` ԵՄ երկրներում ու Մոլդովայում գտնվող հայերից 100-ը դիմել են, որ հայրենիք տեղափոխվեն։ Տվյալ երկրներում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ ուկրաինահայերը նույնպես ակտիվ կապի մեջ են և դիմում են, որ ՀՀ գան»,–ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով` այս օրերին մեր հայրենակիցները ՀՀ են վերադառնում երրորդ երկրների տարածքով։ Նրանք Հայաստան են գալիս ինչպես իրենց միջոցներով, այնպես էլ տարբեր երկրների հայ համայնքային կառույցների աջակցությամբ։
Կարապետյանը հայտնեց, որ այս պահին չկա ուկրաինահայերին ֆինանսական աջակցություն տրամադրելու որևէ փաթեթ։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նրանց օգնում է իրավաբանական խորհրդատվությամբ, քաղաքացիություն ստանալու դիմումները լրացնելու, բիզնես հիմնելու իրավաբանական խորհրդատվությամբ։
Կարապետյանը նշեց, որ ՀՀ վերադարձած ուկրաինահայերն իրենց չեն դիմել կացարան կամ սնունդ ստանալու համար։ Սակայն նման դիմումներ շատ ստանում են այն համայնքային կառույցները, որտեղ գտնվում են ուկրաինահայերը` Ռումինիայում, Հունգարիայում, Մոլդովայում, Լեհաստանում։ Այս դեպքում որոշակի ժամանակով կացարան, սնունդ, հագուստ է տրամադրվում ուկրաինահայերին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
Աղբյուր․ https://armeniasputnik.am