12․03․2022 ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵԼԼԱ ՇԱՔԱՐՅԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԳՎԱՏԵՄԱԼԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵԽԱՆԴՐՈ ՋԱՄՄԱՏՏԵԻԻՆ

Արտակարգ և լիազոր դեսպան Արմելլա Շաքարյանն իր հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամմատտեիին։

Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այցելության ընթացքում դեսպանը հանդիպել է արտաքին գործերի նախարար Մարիո Բուկարոյի և մշակույթի նախարար Ֆելիպե Ագիլարի հետ։ Կողմերը պայմանավորվել են փոխադարձ ջանքեր գործադրել երկկողմ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Միաժամանակ դեսպանն այցելել է երկրի խորհրդարան և հանդիպում ունեցել նախագահ Շիրլի Ռիվերայի հետ։ Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը՝ կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը Հայաստանի և Գվատեմալայի խորհրդարանների միջև։ Խորհրդարանում գտնվելու ընթացքում Արմելլա Շաքարյանը քննարկում է ունեցել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մանուել Կոնդեի հետ։

Գվատեմալայում գտնվելու ընթացքում դեսպանն այցելել է նաև Կենտրոնական Ամերիկայի խորհրդարան։ Հաստատության ղեկավարների հետ հանդիպման ընթացքում դեսպանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու գործընկերությունը Կենտրոնամերիկյան խորհրդարանի հետ:

2021 թվականի օգոստոսի 24-ին նախագահի հրամանագրով Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմելլա Շաքարյանը համատեղության կարգով նշանակվել է նաև Գվատեմայի Հանրապետությունում (նստավայրը՝ ք․ Մեխիկո)։

Աղբյուր․ https://armenpress.am