12.03.2022 ԴԵՍՊԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՍԱԼՈՆԻԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐԸ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Սալոնիկի Առևտրի Միջազգային Ցուցահանդեսի (TIF-HELEXPO) տնօրենների խորհրդի նախագահ Տասոս Ձիկասի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը ներկա էին նաև կազմակերպության գործադիր տնօրեն Կիրիակոս Պոզրիկիդիսը և Հունահայ առևտրի և արդյունաբերության պալատի  նախագահ Ակիս Դագազյանը։

Ցուցահանդեսի ներկայացուցիչները, շեշտելով երկու երկրների միջև առկա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, առաջարկել էին Սալոնիկում կայանալիք մի շարք միջազգային ցուցահանդեսներին կազմակերպել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը։

Դեսպանն իր հերթին ներկայացրել է տնտեսության և առևտրի բնագավառներում առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները։ Զրուցակիցները պայմանավորվել են 2022 թվականի ընթացքում սերտորեն համագործակցել, որպեսզի ապահովվի սննդի, գինեգործության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների բնագավառներից հայ գործարարների ներկայությունն այս կարևոր միջոցառումներին՝ Եվրոպայի և բալկանյան տարածաշրջանի շուկաներում զարգացման նոր հնարավորություններ և ներուժ ապահովելու նպատակով։

Աղբյուր․ https://armenpress.am/