15․03․2022 ՀՀ-ՈՒՄ ՉԺՀ ԴԵՍՊԱՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ

2022 թվականի մարտի 15-ին ՀՀ-ում ՉԺՀ դեսպան ֆան Յունն այցելել է Հայաստանի ազգային արխիվ: Այս մասին հայտնում է Ազգային արխիվի մամուլի ծառայությունը։

Ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը կարևորել է հայ-չինական համագործակցությունը, ՀՀ Ազգային արխիվի և Չինաստանի արխիվային ծառայության միջև աշխատանքների հետագա զարգացումն ու ընդլայնումը: Նա նաև հայտնել է հայկական կողմի շահագրգռվածությունը Չինաստանի հետ համագործակցության խորացման հարցում և առաջարկել է չինական գործընկերների կողմից կազմակերպել պարբերական դասընթացներ՝ արխիվային փաստաթղթերի վերականգնում-կազմավորում, նոր տեխնոլոգիաների ուսուցում և կիրառում, ինչպես նաև արխիվային նյութերի համատեղ ցուցահանդես՝ նվիրված հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Կողմերն անդրադարձել են 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Արշակյանը դեսպանին տեղեկացրել է, որ միջոցառմանը կհրավիրվեն նաև չինացի գործընկերները։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանն իր հերթին ընդգծել է, որ հայ-չինական հարաբերություններն ունեն ավելի քան 2000-ամյա պատմություն, մասնավորապես, խոսքը Մետաքսի մեծ ճանապարհի մասին է, որի միջոցով երկու հնագույն ժողովուրդները համագործակցել և կապված են եղել միմյանց հետ:

Կողմերի միջև ձեռք բերվել է փորձի փոխանակման պայմանավորվածությունը։

Հանդիպման ավարտին անցկացվել է էքսկուրսիա ՀՀ Ազգային արխիվում, որտեղ ներկայացվել են հայ-չինական հարաբերություններին նվիրված փաստաթղթեր։

Աղբյուր․ https://arminfo.info