Գառնիկ Եագուպեանի մահը մեծ կորուստ է ոչ միայն իր ընտանիքի անդամների, ընկերների և գործընկերների, այլ նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ղեկավարության և ողջ հայ ազգի համար։ Պարոն Եագուպեանը եղել է ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչության և Հոգաբարձուների խորհրդի անդամ։ Հայաստանի, Սիրիայի, Լիբանանի և Կանադայի հայ համայնքներում մինչ օրս տեսանելի են նրա թողած խորը հետքն ու ազդեցությունը։
Բեյրութի ամերիկյան համալսարանի շրջանավարտ, մասնագիտությամբ քաղաքացիական ճարտարագետ, Սիրիայում ծնված հայազգի Եագուպեանին կարելի է բնութագրել որպես արարող, բարերար և, առաջին հերթին, անասելի եռանդուն և նվիրված անձ: Բոլոր նրանց, ում բախտ է վիճակվել ճանապարհ անցնել պարոն Եագուպեանի հետ, հմայվել են նրա մտքով և անհատականությամբ, ինչպես նաև ոգեշնչվել ընտանիքի հանդեպ ունեցած նրա նվիրվածությամբ:
Աղբյուր․www.agbu.am