ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «Քայլ դեպի տուն» 2022 երկշաբաթյա ծրագրի հայտադիմումների ընդունումը: 13-18 տարեկան 400 սփյուռքահայ պատանիները կբացահայտեն Հայաստանը, կբարելավեն հայոց լեզվի՝ արևելահայերենի և արևմտահայերենի գիտելիքները, կսովորեն հայկական երգ ու պար, կայցելեն պատմամշակութային տարբեր վայրեր, կրթական հաստատություններ, կունենան հետաքրքիր հանդիպումներ և երեկոներ:
Հայտադիմումներն ընդունվում են մինչ սույն թվականի մայիսի 15-ը: Ծրագրի ընթացքում Հայաստանում մասնակիցների կացության բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը, ներառյալ՝ ճամբարը, սենյակը, սնունդը, այցելությունները և այլն: Մասնակիցներն իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը, երկշաբաթյա տուրիստական ապահովագրությունը:
Հայտադիմումները բաց են այն սփյուռքահայ պատանիների համար, ովքեր ՀՀ քաղաքացի չեն (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) և նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին:
Բուն ծրագիրը կմեկնարկի հունիսի 27-ին և 4 փուլով կընթանա մինչ օգոստոսի 20-ը: Նախընտրելի փուլին մասնակցելու համար խնդրում ենք հայտադիմումները լրացնել ավելի վաղ ժամկետում:
Ծրագրին մասնակցել ցանկացողները հայտադիմումը կարող են լրացնել՝ սեղմելով այստեղ, իսկ հարցերի պարագայում կարող են կապ հաստատել qayldepitun@gov.am էլ. հասցեով կամ զանգահարելով +374 10 515-517, +374 93 492 976 (WhatsApp, Viber) հեռախոսահամարներով:
Աղբյուր․ https://www.1lurer.am