14.03.2022 ՉԻՆԱՍՏԱՆ-ԵՎՐՈՊԱ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ԿԱՎԵԼԱՆԱ

Եվրասիայում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը մեծացնում է Միջին միջանցքի (Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի) դերը, որը ներառում է Ադրբեջանը, Չինաստան-Եվրոպա ուղղությամբ բեռնափոխադրումներում։ Նշվում է, որ այդ միջանցքի երթուղին ուշադրություն է գրավել ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո։ Այս մասին հայտնում է Report-ը՝ հղում անելով Railfreight եվրոպական երկաթուղային բեռնափոխադրումների մեդիա պորտալի հոդվածին։

«ADI Container» ՍՊԸ-ի’ «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի դուստր ձեռնարկության’ Միջին միջանցքով բեռնափոխադրումների օպերատորի տարեկան հաշվետվության համաձայն’ այն ամենակարևորն է Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային երթուղիներից: Հենց դրա միջոցով էլ ամենից հաճախ են իրականացվում երկաթուղով կոնտեյներային փոխադրումներ։

Ադրբեջանի տարածքով Միջին միջանցքով իրականացվող բեռնափոխադրումների կառուցվածքում 2021 թվականին հիմնականում 12 ուղղություններով, 1-ին տեղը զբաղեցնում Է Չինաստան-Թուրքիա, 2-րդ՝ Ղազախստան-Թուրքիա, 3-րդ՝ Վրաստան-Ղազախստան։  Միջանցքով կոնտեյներային փոխադրումների ծավալը 2021 թվականին 2020 թվականի համեմատ աճել է 52 տոկոսով, 2022 թվականի հունվար-փետրվարին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 15 տոկոսով: Հարկ է նշել, որ 2021 թվականին Ադրբեջանի տարածքով կոնտեյներային բեռնափոխադրումների ընդհանուր կառուցվածքում տարանցիկ ուղղությունների մասնաբաժինը այդ միջանցքով հասել է առավելագույնին՝ 92,4%:

TRACECA (Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք) միջկառավարական հանձնաժողովի Ադրբեջանի ազգային քարտուղար Ռուֆատ Բայրամովը Report-ին հայտնել է, որ Կենտրոնական Ասիայի երկրներից Միջին միջանցք շատ դիմումներ են ստացվում: Նա նաև հավելել է, որ չնայած մեծ ներուժին, Ադրբեջանի ենթակառուցվածքը դեռ չի կարող վերցնել այս ծավալը:

TRACECA-ի պաշտոնյան նշել է, որ Ղազախստան-Ռուսաստան-Բելառուս երթուղում իրականացվում են միայն մոնոմոդալ փոխադրումներ, մինչդեռ Միջին միջանցքում՝ մուլտիմոդալ փոխադրումներ, ինչը  հավելյալ արժեք է ստեղծում: «Ներկայումս ընդհանուր լոգիստիկ շուկայում ճգնաժամ է նկատվում։ Այս ճգնաժամում կհաղթի նա, ով ավելի հարմար ծառայություններ կմատուցի», — ընդգծել է Բայրամովը։

Աղբյուր․ https://report.az