Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA), երկու շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց ‘Հայաստանին ամենամյա օգնությունն 24 մլն դոլարից 45 մլն դոլարի հասցնելու և 2 մլն դոլարի’ Արցախի ականազերծման համար տրամադրելու մասին Կոնգրեսի առաջարկը: Սակայն օրերս չեղյալ հայտարարեց իր որոշումը։ Իրավիճակը պարզաբանելու համար lragir.am-ը դիմել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանին։
Չուլջյանը նման որոշումն անընդունելի է համարում այն իրավիճակում, երբ Հայաստանը, հատկապես Արցախը շարունակում են ենթարկվել Ադրբեջանի ագրեսիայի։ Մամուլի քարտուղարի կարծիքով, Բայդենի այս քայլը կապ չունի Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ Հայաստանի կամ Ամերիկայի հայկական կազմակերպությունների դիրքորոշման հետ:
Էլիզաբեթ Չուլջյանը նշում է, որ այժմ Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի հաջորդ տարի ԱՄՆ-ի բյուջեում Հայաստանին օգնությունը ավելացնելու և առանձին ֆինանսական օգնություն տրամադրելու Արցախին’ որպես ծանր հումանիտար իրավիճակ ունեցող տարածաշրջանի:
ANCA-ի մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ առաջիկա 25 օրերին Բայդենը պետք է որոշում կայացնի 907 բանաձևի վերաբերյալ: Նա հիշեցրել է, այն պատճառով, որ 2001 թվականից ԱՄՆ-ի նախագահներից ոչ մեկը դա չի արել, Բայդենի կողմից բանաձևի ընդունումը կլինի ողջունելի քայլ:
«Եթե ոչ, ապա մենք շարունակելու ենք ճնշում գործադրել Կոնգրեսում այդ որոշման դեմ, փաստարկելով մեր պահանջը Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի, Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հանգամանքով: Մենք պետք է հասնենք նրան, որ ավտորիտար, կոռումպացված, նավթով հարուստ Ալիևի ռեժիմին տրամադրվի $0 ամերիկյան օգնություն», — եզրափակել է Չուլջյանը։