ՕՆՏԱՐԻՈՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԱՅԻՍԸ ՀՌՉԱԿԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՄԻՍ

2022 թվականի մարտի 29-ին Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանը   105-րդ օրինագիծն է ընդունել, որով յուրաքանչյուր տարվա մայիսը հռչակվում է որպես «Հայկական ժառանգության ամիս»։ Օրինագիծը  ներկայացվել է հայազգի պատգամավոր Արիս Պապիկյանի կողմից։ Այս մասին հայտնում է horizonweekly.ca կայքը։ 

Օրինագծի առաջին դրույթում ասվում է, որ Օնտարիոյում բնակվում է ավելի քան 100 հազար հայ։ Հայերի արտագաղթը Կանադա սկսվել է 1800-ական թվականներից: 1890 և 1915 թվականներին տեղի ունեցած ցեղասպանությունից հետո հայերը ժամանել են Կանադա որպես փախստականներ և այնտեղ տուն են գտել «Հայ օգնության միության» ջանքերի շնորհիվ:  Հետագայում այս ակտը հայտնի դարձավ որպես «Կանադական ազնիվ փորձ»՝ Կանադայի առաջին մարդասիրական գործունեություն:

Օրինագծի երկրորդ մասում նշվում է, որ մայիսը կարևոր ամիս է հայ ժողովրդի համար, քանի որ 1918 թվականի մայիսի 28-ի Հայաստանի անկախության հռչակագիրը հայ ժողովրդի ազատության, ժողովրդավարության և անկախության ձգտման խորհրդանիշն է: Օրինագծում հաստատվում է, որ մայիսը հայտարարելով հայկական ժառանգության ամիս, Օնտարիո նահանգը ճանաչում է կանադահայերի զգալի ներդրումը նահանգի սոցիալական, մշակութային, կրթական, տնտեսական, քաղաքական զարգացման, ինչպես նաև արվեստի, գիտության և գրականության մեջ: 

 «Հայկական ժառանգության ամիսը» Օնտարիոյի բնակիչներին թույլ կտա ճանաչել և գնահատել կանադահայերի ձեռքբերումները հանուն ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության: