ՓԱՐԻԶԻ ԼԵ ԼԻԼԱ ԿՈՄՈՒՆԱՅՈՒՄ ԱՆՑԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 107-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 2-ին Փարիզի արևելքում՝ Լե Լիլա կոմունայում, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։ Այս մասին տեղեկացվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Լե Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տիգրան Բաղդասարյանը, ֆրանսահայ ԱՆԻ կազմակերպության նախագահ Աիդա Ասադուրյանը և ճանաչված պատմաբան Կլոդ Մութաֆյանը։ Ներկաների թվում էին Սեին-Սեն-Դընի դեպարտամենտի խորհրդի ու պրեֆեկտուրայի ղեկավար պաշտոնյաներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
Գրառման մեջ ասվում է, որ միջոցառման ընթացքում հնչեցին Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգները։ Արնուվիլի հայկական եկեղեցու հոգևոր հայր Մանուել Հովհաննիսյանի կողմից կատարվեց աղոթք՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի։ Հնչեցին հայկական դուդուկով կատարումներ և Կոմիտասի մի շարք ստեղծագործություններ։