Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 6-ին տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս առիթով հոդված է պատրաստել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը:
Հայաստանը հինավուրց քաղաքակիրթ երկիր է դարավոր պատմությամբ և մշակույթով: Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ հայկական քաղաքակրթության արմատները գալիս են դեռևս շատ հին ժամանակներից՝ մ.թ.ա. 4000 թվականից։ Թեև Չինաստանն ու Հայաստանը գտնվում են միմյանցից հազարավոր մղոն հեռավորության վրա, երկու կողմերի միջև բարեկամական կապերը երկար տարիների պատմություն ունեն։ Ավելի քան 2000 տարի առաջ հնագույն Մետաքսի ճանապարհը սերտորեն կապում էր Չինաստանն ու Հայաստանը: Ըստ պատմական տվյալների, մ.թ.ա 1-2-րդ դարերում ծիրանը Չինաստանից Պարսկաստանով հասել է Հայաստան, այնտեղից էլ՝ Հին Հունաստան։ Եվրոպացիները՝ չիմանալով ծիրանի չինական ծագումը, այն անվանել են «հայկական խնձոր»:
Հին Մետաքսի ճանապարհն իր մեջ կրում է Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերի պատմությունը, և երկու երկրների ժողովուրդները սերնդեսերունդ անդադար ջանքեր են գործադրել այդ ավանդական բարեկամության ամրապնդման և զարգացման համար: Ըստ պատմական տվյալների, հայտնի հայ Մամիկոնյան տոհմը չինական ծագում ունի։ Վարդան Մամիկոնյանը հայ ժողովրդին առաջնորդեց օտարերկրյա թշնամիների դեմ քաջարի պայքարում և դարձավ ազգային հերոս, ումով հայ ժողովուրդը հպարտանում և հիանում է մինչ այժմ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Խորհրդային Կարմիր բանակի թվում եղել են ավելի քան 6000 հայ սպաներ ու զինվորներ, որոնք Չինաստանի հյուսիսարևելյան ռազմաճակատում արյունալի մարտեր են մղել ճապոնացի ֆաշիստների դեմ։ Նրանք իրենց արյունն ու կյանքը զոհաբերել են չին ժողովրդի ազատագրման համար, և նրանցից շատերը թաղված են Հյուսիսարևելյան Չինաստանում:
Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերը հիմնված են ոչ միայն հերոսական էպոսների, այլ նաև՝ սիրով ու քնքշանքով համեմված հասարակ մարդկանց գեղեցիկ պատմությունների վրա։ 1994 թ.-ին Չինաստանի Շանդուն քաղաքից աշխատանքի նպատակով Երևան ժամանած երիտասարդ Դըն Ճըկանը հանկարծակի հիվանդության պատճառով ընկնում է հիվանդանոց, որտեղ նրան խնամող բուժքույրը գեղեցիկ ու բարի աղջիկ էր։ Երիտասարդները որոշ ժամանակ անց սիրահարվում են և ամուսնանում: Այսպիսով Նունեն դառնում է Հայաստանում առաջին «չինական ընտանիքի հարսը»։ Ամուսնությունից հետո Նունեն ամուսնու հետ մեկնում է Չինաստան, որտեղ զույգն իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծում է սեփական թռչնաբուծական ֆերմա և կերտում իրենց գեղեցիկ սիրո պատմությունը։ Նույնիսկ Հայաստանի ազգային հեռուստատեսությունը հատուկ նպատակով մեկնել է Չինաստան՝ զույգի մասին հաղորդում նկարահանելու և նրանցից հարցազրույց վերցնելու։
Հայաստանը 1991 թ.-ին հռչակվեց անկախ պետություն։ 1992 թվականի ապրիլի 6-ին Չինաստանի և Հայաստանի միջև պաշտոնապես հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ՝ սկիզբ դնելով երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջանին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 30 տարիների ընթացքում, անկախ միջազգային իրավիճակից, երկու երկրները համատեղ ջանքերով հաստատակամորեն բռնել են երկկողմ հարաբերությունների զարգացման ճիշտ ուղին։ Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամության ծառը ծաղկում և փթթում է։
Քաղաքական փոխվստահության ամուր հիմքերը
Երկու երկրները հաստատապես աջակցում են միմյանց իրենց հիմնական շահերին վերաբերող հարցերում, սերտորեն համագործակցում են կարևոր բազմակողմ հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն և Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ինչպես նաև իրենց դրական ավանդն են ներդրում երկու երկրների և զարգացող երկրների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության գործում՝ պաշտպանելով միջազգային և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։ Երկու երկրների ղեկավարները հաստատել են ամուր համագործակցական և ջերմ բարեկամական հարաբերություններ, ինչն էլ նոր խթան է հանդիսանում երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
2016 թվականի հունիսին փոխվարչապետ Չժան Գաոլին այցելել է Հայաստան։ 2019 թվականի ապրիլին ՉԺՀ Ազգային Ժողովրդական Կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Շեն Յուեյուեն այցելել է Հայաստան։ 2019 թվականի մայիսին ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին այցելել է Հայաստան։ 2019 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և վարչապետ Լի Քեցյանի հետ: 2021 թվականին Հայաստանի նախագահը, վարչապետը, խոսնակներն ու այլ քաղաքական գործիչներ շնորհավորել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության 100-ամյակի կապակցությամբ, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և այլ խոշոր քաղաքական կուսակցություններ հրավիրվել են մասնակցելու Կոմունիստական կուսակցության և համաշխարհային քաղաքական կուսակցությունների գագաթնաժողովին։ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայ փոստ»-ը շրջանառության մեջ է դրել նամականիշ՝ նվիրված Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակին: 2021 թվականի սեպտեմբերին ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական նամակ են հղել Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ։ Հոկտեմբերի 1-ին ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը կրկին այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան նոր շենք՝ շնորհավորելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 72-րդ տարեդարձը։
Գործարար համագործակցության բունն ու ճյուղերը
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր չին-հայկական համագործակցությունն առևտրատնտեսական ոլորտում զգալի առաջընթաց է գրանցել: Երկկողմ առևտրի ծավալը շարունակում է էլ ավելի մեծանալ։ Տարիներ շարունակ Չինաստանը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը, արտահանման շուկան և ներմուծման աղբյուրը։ Համաճարակի հենց սկզբից Չինաստանն ու Հայաստանը օգնել են միմյանց՝ միավորելով ուժերը համաճարակի դեմ պայքարում, ինչպես նաև արդյունավետ միջոցներ են ձեռնարկել այդ պայմաններում առևտրի ծավալի աճի համար։ Ըստ չինական կողմի վիճակագրության, 2020 թվականին Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը գերազանցել է 1 միլիարդ դոլարի շեմը՝ տարեկան կտրվածքով աճելով 34,8 %-ով։ 2021 թվականին երկկողմ առևտրի ծավալը հասել է 1,4 միլիարդ դոլարի, ինչը նոր ռեկորդային ցուցանիշ է։ Այս ցուցանիշի շնորհիվ Անդրկովկասյան երեք երկրների շարքում Հայաստանը հանդիսանում է առաջատարը:
Մեր օրերում Երևանի փողոցներում հաճախ կարելի է հանդիպել չինական արտադրության ավտոբուսներ և շտապօգնության մեքենաներ, խանութներում՝ չինական արտադրության ապրանքներ, իսկ չինական խոհանոցի ուտեստները շատ սիրված են տեղի բնակիչների կողմից։ Հայկական բարձրորակ կոնյակի և գինու պահանջարկն ու հեղինակությունը չինական շուկայում շարունակում է աճել։
Ներկայումս հաջողությամբ առաջ են մղվում այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք»-ի կառուցումը, Հայաստանում չինական ձեռնարկությունների կողմից շահագործվող հանքային ջրերի գործարանը, ենթակայանների և ֆոտովոլտային էլեկտրակայանների վերափոխումն ու այլն, որոնք ոչ միայն դրական ներդրում են կատարում երկրի տնտեսական զարգացման գործում, այլ նաև հեշտացնում և բարելավում են Հայաստանի բնակչության կյանքը։ Շուտով կմեկնարկի Չինաստանի աջակցությամբ Հայաստանի հանրային հեռուստատեսության համար հեռարձակման դահլիճի հիմնման նախագիծը, ինչը կդառնա Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական համագործակցության ևս մեկ վկայություն։
Հումանիտար փոխանակումների ծաղկումը
Լեզուն կամուրջ է հոգևոր հաղորդակցության համար, իսկ մշակույթը՝ զգացմունքների կապ։ 2009թ. փետրվարին Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում պաշտոնապես բացվեց Կոնֆուցիուսի ինստիտուտը: Մինչ այժմ գործում են 3 Կոնֆուցիուսի դասարաններ և 7 չինարենի ուսուցման կենտրոններ։ 2018 թ.-ին բացվել է չինական կողմի աջակցությամբ կառուցված հայ-չինական բարեկամության դպրոցը։ Հայաստանում բուռն զարգացում է ապրում չինարեն լեզվի ուսուցումը; չինարեն ուսումնասիրող տեղացի ուսանողների թիվը շարունակում է աճել`գերազանցելով 3000-ը: Հայ ժողովրդի, հատկապես երիտասարդների շրջանում աճում է հետաքրքրությունը Չինաստանի և չինական մշակույթի նկատմամբ, շատ և շատ ուսանողներ մեծ ցանկություն են հայտնում Չինաստանում ուսումնառելու համար։
Ամեն Լուսնային Նոր տարուն, Երևանի շատ դպրոցներում, ինչպիսիք են Երևանի թիվ 135 հիմնական դպրոցը, հայ-չինական բարեկամության դպրոցը, Չեխովի անվան թիվ 55 դպրոցը և այլն, կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված այդ գեղեցիկ տոնին, որոնց ընթացքում հնչում են ուրախ երգեր, գեղեցիկ ասմունք, պարեր և այլն։ Չինական նոր տարվա տոնակատարությունը շատ մարդկանց համար դարձել է կյանքի անփոխարինելի մի մասնիկ:
Վերջերս հաջողությամբ անցկացվեցին 2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը, որոնց կազմակերպման և անցկացման ողջ ընթացքում հայկական կողմը վճռականորեն աջակցել է չինական կողմին և դեմ արտահայտվել սպորտի քաղաքականացմանը: 6 հայ մարզիկներ Չինաստանում մասնակցել են «Սառույցի և ձյան հանդիպմանը»՝ իրենց իսկ մասնակցությամբ սատարելով օլիմպիական ոգու բարձրացմանը:
Երկու երկրների համատեղ ջանքերը համաճարակի դեմ պայքարում
Համաճարակը «լակմուսի թուղթ» հանդիսացավ երկկողմ հարաբերությունների ամրության փորձարկման համար։ Համաճարակի հենց սկզբից Չինաստանն ու Հայաստանը օգնել են միմյանց և միավորել ուժերը նրա դեմ պայքարում՝ լիովին ցուցադրելով ավանդական բարեկամության խորը պատմական արմատները, որոնք գալիս են ավելի քան 2000 տարվա խորքից: Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու այլ քաղաքական գործիչներ ցավակցական հեռագրեր են հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանին կորոնավիրուսային համաճարակի բռնկման կապակցությամբ, և դրական գնահատել Չինաստանի ձեռնարկած միջոցառումներն այն կանխարգելելու և հաղթահարելու ուղղությամբ, դեմ են արտահայտվել համաճարակի քաղաքականացմանը։
Հայ ժողովուրդն ամեն կերպ աջակցել է Չինաստանին և չին ժողովրդին դժվարին պահերին. հասարակության տարբեր շերտեր աջակցող տեսահոլովակներ են նկարահանել, նկարիչները նկարներ են նկարել, բազմաթիվ ուսանողներ հանդես են եկել «Չին ժողովրդի հետ միասին» կարգախոսով՝ ի ցույց դնելով ամուր բարեկամական կապը երկու երկրների միջև։
Հայաստանում COVID-19 համաճարակի բռնկումից հետո Չինաստանի կառավարությունն ու հասարակության տարբեր շերտեր նույնպես ակտիվ քայլեր են ձեռնարկել և օգնության ձեռք մեկնել հայ ժողովրդին՝ տրամադրելով հակահամաճարակային պարագաների մի քանի խմբաքանակ, ինչպես նաև կիսվել են համաճարակի կանխարգելման և վերահսկման իրենց փորձով ու աջակցություն ցուցաբերել հակահամաճարակային պարագաների ձեռքբերման գործում: 2021 թվականի մայիսին Չինաստանի կառավարության աջակցությամբ Երևան է հասել «Սինովակ» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ։ Չինական կողմն օգնել է հայկական կողմին Չինաստանից «Սինոֆարմ» պատվաստանյութի` ընդհանուր առմամբ 1,2 մլն չափաբաժնի գնման հարցում։ Հայաստանում ամենամեծ պահանջարկ ունեցող պատվաստանյութը չինական պատվաստանյութն է, որը կարևոր դեր է խաղում Հայաստանում համաճարակի դեմ պայքարում:
Հետադարձ հայացք գցելով անցյալին, չնայած նրան, որ հնագույն Մետաքսի ճանապարհի քարավանի ղողանջները խլացել են պատմության երկար գետի հատակներում, մեր նախնիների ցանած բարեկամության սերմերը ծիլ տալով վերածվել են բարձր ծառերի:
Այժմ` տեսնելով ներկան, պարզ է դառնում, որ 30 տարի առաջ Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` երկու երկրները միշտ հավատարիմ են եղել փոխադարձ հարգանքի, հավասարության, փոխշահավետության և շահեկան համագործակցության հայեցակարգերին` պահպանելով առողջ առաջընթաց և երկկողմ հարաբերությունների կայուն զարգացում։
Նայելով ապագային և գտնվելով պատմական նոր իրադարձությունների սկզբնակետում` Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման համար նոր հնարավորություններ են ստեղծվում:
Երկու կողմերը պետք է էլ ավելի ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը, հաստատակամորեն աջակցեն միմյանց ազգային շահերից բխող զարգացման ճանապարհի ընթացքում, ցանկացած պարագայում ընդդիմանան որևէ արտաքին ուժի միջամտմանը այլ երկրների ներքին գործերին, հաստատակամորեն պաշտպանեն միջազգային համակարգը, որի առանցքն է հանդիսանում Միավորված ազգերի կազմակերպությունն ու միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգը, իրականացնեն բազմակողմանիություն և նպաստեն մարդկության ընդհանուր ճակատագրով հասարակության ստեղծմանը:
Երկու երկրները պետք է նպաստեն «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում իրականացվող համատեղ շինարարության որակյալ զարգացմանը, անընդհատ լայնացնեն առևտրի ծավալը, հնարավորինս կարճ ժամկետներում նպաստեն երկու երկրների միջև ուղիղ չվերթների իրականացմանը, շարունակաբար բարելավեն առևտրի ու ներդրումների ազատականացման և դյուրացման մակարդակը, խորացնեն փոխհարաբերությունները, զարգացնեն համագործակցությունը ենթակառուցվածքային ոլորտներում, ուշադրությունը բևեռեն այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիական, էկոլոգիապես մաքուր, թվային և նորարարական տեխնոլոգիաները` ստեղծելով համագործակցության աճի և ընդլայնման նոր կետեր։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը առաջ քաշեց համաշխարհային գլոբալ զարգացման նախաձեռնությունը, որը Չինաստանի կողմից միջազգային հասարակության համար ևս մեկ օգուտ հանդիսացավ: Հրավիրում ենք Հայաստանին ակտիվ մասնակցություն ցուցաբերել դրանում և միահամուռ կերպով նպաստել ավելի հզոր «կանաչ» և «առողջ» գլոբալ զարգացմանը։
Երկու կողմերը պետք է ամրապնդեն ավանդական բարեկամությունը, ակտիվորեն շարունակեն խթանել հումանիտար փոխանակումները, պայմաններ ստեղծեն կրթության, մշակույթի, լրատվամիջոցների, երիտասարդության և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման համար։ Պետք է ամրապնդեն երկու երկրների ժողովրդների միջև ջերմագին կապը, ու էլ ավելի ամրապնդեն Չինաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամության սոցիալական և հասարակական հիմքերը:
Մենք պետք է շարունակենք ամրապնդել համագործակցությունը համաճարակի դեմ պայքարում։ Չինաստանը կանգնած է Հայաստանի կողքին և շարունակում է իր հնարավորությունների սահմաններում օգնություն ցուցաբերել հայկական կողմին, կիսվել հակահամաճարակային իր փորձով, ակտիվացնել երկկողմ համագործակցությունը բժշկության և առողջապահության ոլորտում, ինչպես նաև միասին աշխատել ավելի առողջ հասարակություն կառուցելու համար:
Նախագահ Սի Ծինփինը նշել է, որ հին քաղաքակրթություն ունեցող երկրները շատ նման են միմյանց, նրանք ճանաչում են միմյանց և ավելի մտերիմ են մեկը մյուսի հետ: Ներկայումս երկու երկրներն էլ կրում են ազգային վերածննդի պատմական պատասխանատվություն։
Եկեք միասին` ձեռք ձեռքի տված, աշխատենք և առաջ գնանք հայ-չինական հարաբերությունների էլ ավելի լավ 30 տարի ստեղծելու ուղղությամբ:
Աղբյուր․ https://armenpress.am