ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՆՏՐՏՈՒՔԻ ՄԵՋ ԵՆ՝ ԷԼ Ի՞ՆՉ ԱՐՏԱՀԱՆԵԼ ՉԻՆԱՍՏԱՆ

Առևտրաշրջանառության աճը և ներդումների ցանկությունը ջերմ ու բարի ավանդույթներով բարեկամության շոշափելի արդյունքն են՝ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30–ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում ասել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը։ Նոր ծրագրեր ու չօգտագործված հնարավորություններ, տվյալների նոր բազա ու չինական շուկա մտնել ցանկացող տնտեսվարողներին աջակցություն, համատեղ բանկի ստեղծում ու ոչ միայն՝ քննարկվել են գիտաժողովի ընթացքում։

Հայ-չինական բանկի ստեղծումն արդեն երկու երկրների զարգացող հարաբերությունների պահանջն է։ Հայաստանում համատեղ բանկի ստեղծմամբ չինական կապիտալը կմտնի Հայաստանի ֆինանսաբանկային համակարգ՝ հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30–ամյակին նվիրված գիտաժողովում ասում է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, հայ–չինական հարցերով փորձագետ Մհեր Սահակյանը։ Բանկի հիմնումը ֆինանսական զգալի ներդրումներ կբերի, առևտուրը կարվի ազգային արժույթներով՝ առանց փոխարկելու ժամանակ գումար կորցնելու.

«Հայ բիզնեսմեններն են աշխատում չինական կողմի հետ, չին բիզնեսմեններն են ցանկանում գալ Հայաստան, և պետք է բիզնեսը զարգացնելու համար հիմնել ամուր ֆինանսաբանկային հարթակ, և այդ բանկը կարող է օգնել այդ գործում»։

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը կկամրջի երկու երկրների տնտեսությունները, հայ տնտեսվարողները կկապվեն աշխարհում հզորությամբ երկրորդ տնտեսության հետ։ Այս նախաձեռնությանը միանալու համաձայնագիր Հայաստանը կնքել է դեռ 2015-ին։ Բայց Չինաստանի հարցերով փորձագետն արդյունքներ դեռ չի տեսնում։ Չինական ներդրումներն աշխարհը կարող են լրջորեն փոխել՝ Հայաստանի համար նոր, դեռ չօգտագործված ու որոշ առումներով բաց թողնված հնարավորություններից խոսելով շեշտում է Սահակյանը.

«Չինաստանն աշխարհում ներդրել է մոտ 200 մլրդ դոլար։ Սա խոսում է այն մասին, որ բոլոր ոլորտներում նույնն է՝ տեխնոլոգիաներ, առողջապահական, գյուղատնտեսական, ֆինանսաբանկային, և այստեղ մենք ունենք մեծ պոտենցիալ՝ մասնակցելու այս նախաձեռնությանը։ Դեռ 200 մլրդ դոլարն են օգտագործել, սակայն խոսքը մեկ տրիլիոն դոլարի մասին է»։

Տեխնոլոգիաներ ու ռազմարդյունաբերություն՝ գործակցությունը հատկապես այս ոլորտներում է փորձագետը հեռանկարային համարում։ Այստեղ և՛ Չինաստանը, և՛ Հայաստանն ունեն շահեր։ Անգամ հնարավոր է, որ հայ-չինական բանակցությամբ ստեղծվի առանձին խաղաղապահ զորամիավորում ՄԱԿ ԱԽ-ի շրջանակներում՝ ասում է.

«Չինաստանում զարգացել է արհեստական բանականությունը, բիգ դատան, հին ջին և այլն։ Եվ ներկա ռազմարդյունաբերության մեջ արտադրում են դրոններ, որոնք օգտագործվում են արհեստական բանականության միջոցով; Այս ամենում Չինաստանը հաջողություն ունի, և մենք սա պետք է օգտագործենք»։

Բնակչությամբ 431 անգամ ավելի, տարածքով՝ 320 անգամ, բայց դիվանագետներին խոշորացույց պետք չէ՝ Հայաստանի հետ կապերը զարգացնելու համար։ Հայաստանում Չինաստանի դեսպանն ասում է՝ ներդրումների ընդհանուր ծավալը հստակ չէ, բայց դրանց հոսքը կայուն է, ու Չինաստանը նկատում է արդյունքները։ Ֆան Յոնն առանձնացնում է չինական ավտոբուսների ներկրումը և ոչ միայն։ Հսկա Չինաստանին փոքր Հայաստանը հետաքրքրում է.

«Այս պահին չինական գործարանները ներդրումներ են անում Հայաստանի ենթակառուցվածքներում, հատկապես արևային էներգիայի զարգացման մեջ։ Ներդրումների ընդհանուր ծավալն այս պահին չեմ կարող ասել, բայց ընթացիկ շատ ծրագրեր կան»։

Առևտրաշրջանառության աճը՝ նկատելի հատկապես վերջին երկու տարիներին, դեսպանը վերագրում է երկու երկրների 30-ամյա ջերմ դիվանագիտությանը։ 2020-ին՝ անգամ քովիդի սահմանափակումների պայմաններում,առևտրի ծավալը հասավ 1 մլրդ դոլարի, 2021-ին՝ 1.4 մլրդի։

«Հայաստանից Չինաստան են արտահանվում հիմնականում հանքանյութեր։ Այլ ապրանքների շուկաներն ուսումնասիրվում են»։

Հայաստանն իր հերթին է փնտրտուքի մեջ՝ է՞լ ինչ արտահանել Չինաստան։ Էկոնոմիկայի նախարարության հայ–չինական հարցերով խորհրդական Նարե Հարոյանը «Ռադիոլուր»-ին ասում է՝ աշխատում են հայկական ապրանքը շատ ավելի մեծ ծավալով չինական շուկա հասցնել։ Դրա համար նախ տվյալների բազա են ստեղծում.

«Էկոնոմիկայի նախարարությունը հարցում էր կատարել և խնդրել, որ բոլոր այն հայ արտադրողները, որոնք ուզում են չինական շուկայում ներկայացվել, տրամադրեն տեղեկատվություն, և մենք արդեն մեծ բազա ունենք։ Գրեթե 80 ընկերություն դիմել է մեզ, որոնք արտադրում են հիմնականում սնունդ, խմիչք, չորացված ու պահածոյացված ապրանքներ»։

Թարմ տվյալներին ու նորացված նպատակներին Չինաստանի դեսպանատանն արդեն տեղյակ են։ Հայկական կողմում հուսով են՝ շուտով համագործակցությունը կակտիվանա, չինական կողմից վստահեցնում են՝ պատրաստ են հանդիպել նաև նոր ոլորտներում։

 Աղբյուր․ hy.armradio.am