ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Ֆրանսիայում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, հայ համայնքի նախաձեռնությամբ կանցկացվեն հիշատակի միջոցառումներ: «Արմենպրես»ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշեց, որ ամեն տարի ավանդույթի համաձայն Կոմիտասի հուշարձանի մոտ հիշատակի միջոցառում են անցկացնելու կառավարության, խորհրդարանի, Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Ելույթների առանցքում լինելու է Թուրքիայի ժխտողականությունը, պահանջատիրությունը: Մուրադ Փափազյանն ընդգծեց, որ Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը նույնպես օրակարգում է:  Ելույթներից հետո նախատեսվում է երթ:

Հայորդի երիտասարդաց միությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 19:15-ին,  Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա ջահերով երթ և մոմավառություն` ի հիշատակ հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմում նահատակվածների։ Ապրիլի 24-ին՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառում։

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: 1915-1923թթ. ժամանակահատվածում թուրքական յաթաղանի զոհ դարձավ շուրջ 1.5 միլիոն հայ, մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2019 թվականի ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին: Ֆրանսիայի Սենատը 2016 թվականի հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Աղբյուր․ armenpress.am