02.03.2022 ԻՆՉՊԵ՞Ս Է ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՆՀԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ադրբեջանը ցանկանում է դիտորդի կարգավիճակ ունենալ Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ)։ Սա թույլ կտա  երկրին ավելի ակտիվ հարաբերությունները հաստատել Չինաստանի և Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում։ 

Այս մասին Report կայքին հայտնել է տնտեսագետ-փորձագետ Հալիդ Քերիմլին՝ մեկնաբանելով Ադրբեջանի հարաբերությունները ՇՀԿ-ի հետ և այդ կազմակերպությունում երկրի դիրքերն ուժեղացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ «ՇՀԿ — ում տրամադրվում է երեք տեսակ կարգավիճակ։ Առաջինը երկխոսության գործընկերն է, երկրորդը՝ դիտորդը, իսկ երրորդը ՝ լիիրավ անդամությունը: Կարծում եմ, որ ներկայիս պայմաններում  տարբեր հնարավորությունները չկորցնելու Ադրբեջանի ցանկությունը շատ ճիշտ քայլ է: Իսկ լիիրավ անդամ դառնալու ցանկությունը տեղի ունեցող գործընթացների վերլուծությունն է, դրական կամ բացասական հետևանքների բացահայտումը», — նշել է նա։

Փորձագետ-տնտեսագետ Էլդանիզ Ամիրովն ասում է, որ այս կազմակերպության անդամակցության ժամանակ Ադրբեջանի դիրքերի ամրապնդումը  կընդլայնի նոր շուկաների հասանելիությունը: Միևնույն ժամանակ, սա կարող է կարևոր դեր խաղալ միջազգային ասպարեզում Ադրբեջանի դիրքորոշմանն աջակցելու գործում։

Մի քանի օր առաջ այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է ամրապնդել Ադրբեջանի դիրքերն այս կազմակերպությունում։ «Ինչ վերաբերում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ), մենք արդեն որոշակի առումով ներգրավված ենք։ Առաջին տարին չէ, որ մենք երկխոսության գործընկեր ենք։ Սա առաջին քայլն է: Երկրորդ քայլը դիտորդն Է։ Եվ մենք պաշտոնապես մի քանի տարի առաջ  դիմել ենք ՇՀԿ քարտուղարություն մեր կարգավիճակը մինչև դիտորդ բարձրացնելու նպատակով, սակայն, ցավոք, այդ հարցը մինչ օրս լուծված չէ։ Ռուսաստանի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Շանհայի համագործակցության կազմակերպության մյուս անդամների հետ իմ շփումների ընթացքում ասվում էր, որ կարգավիճակի փոփոխության պատճառ չկա: Բայց դա մինչև օրս տեղի չի ունեցել՝ մեզ համար անհայտ պատճառներով»,- նշել է նա։

Աղբյուր․ report.az