ՄԱՅԻՍԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ՀՐԱՆՏ ԴԻՆՔ․ ՀՈՍ ԵՎ ՀԻՄԱ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ապրիլի 15-ին ընդունեց Հրանտ Դինքի դուստր, «Հրանտ Դինք հիմնադրամ»-ի փոխտնօրեն Դելալ Դինքին, ով Հայաստան էր ժամանել մայիս-հուլիս ամիսներին անցկացվող ցուցահանդեսի կազմակերպչական հարցերով։

Հանդիպման մեկնարկին Գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ Հրանտ Դինքի կյանքը եղել է պայքարի ու ազատության պատմություն: «Հրանտ Դինքը դարձավ ազատ խոսքի ու ճշմարտության խոսափողը Թուրքիայում: Ուրախ եմ, որ այսօր Դինքի ընտանիքը շարունակում է նրա առաքելությունը»,-նշեց Զարեհ Սինանյանը։

Դելալ Դինքը Գլխավոր հանձնակատարին ներկայացրեց մայիսին Երևանում կայանալիք ցուցահանդեսի մանրամասները: «Ցուցահանդեսը կկրի «Հրանտ Դինք․ հոս և հիամա» խորագիրը։ Այն հայաստանյան հասարակության համար կծառայի որպես կարևոր գործիք՝ ավելի լավ ճանաչելու Հրանտ Դինքին, նրա պայքարը, ինչպես նաև Թուրքիայի հայերին»։

Ցուցահանդեսը հիմնված է լինելու Ստամբուլում՝  «Սեբաթ» շենքում գտնվող «Ակօս» թերթի նախկին գրասենյակում տեղակայված «Հրանտ Դինք 23,5 հուշավայր»-ի վրա։ 2007թ․ հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց «Սեբաթ» շենքի դիմաց, և հարյուրավոր մարդիկ ներկա էին  նրա հուղարկավորությանը նվիրված արարողությանը, որի արդյունքում «Ակօս»-ի գրասենյակը ու «Սեբաթ» շենքը ստացան կարևոր նշանակություն ՝  Թուրքիայի հավաքական հիշողության առումով։ «Հրանտ Դինք 23,5 հուշավայր»-ը, որն իր դռները բացեց 2019 թվականին,  անդրադառնում  և ընդգծում է Հրանտ Դինքի կողմից ընդունված և պաշտպանված համաշխարհային արժեքները՝ ժողովրդավարություն, հավասարություն, արդարություն, մարդու իրավունքներ և ազատություններ։ Այն նաև կամուրջ է կառուցում հիշողության և հույսի միջև։

Այնուհետ Գլխավոր հանձնակատարը և Դելալ Դինքը զրուցեցին Թուքիայում բնակվող հայերի իրավիճակի, նրանց խնդիրների ու դժվարությունների մասին: Հյուրին ներկայացվեց նաև գրասենյակի ծրագրերը: Զարեհ Սինանյանը  կարևորեց այդ ծրագրերին թուրքահայության մասնակցությունը: Կողմերն անդրադարձ կատարեցին նաև արևմտահայերենի պահպանմանը և զարգացմանը:

Հանդպման ավարտին  Գլխավոր հանձնակատարը պատրսատակամություն հայտնեց աջակցելու և մասնակցելու իրականացվող ցուցահանդեսին:

Նշենք, որ  «Հրանտ Դինք․ հոս և հիամա» ցուցահանդեսը տեղի կունենա ս.թ. մայիս-հուլիս ամիսներին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում՝ ՆՓԱԿ-ում, և կուղեկցվի մի շարք այլ միջոցառումներով (ֆիլմերի ցուցադրություն, քննարկումներ, սեմինարներ և այլն):

Աղբյուր․ diaspora.gov.am