16.03.2022 ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻՆ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ Լ. Ի. ՅԱՆԻ ՀԵՏ

Զրույցը նվիրված էր տարբեր ոլորտներում վրաց-չինական համագործակցությանը, հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական և ներդրումային հարաբերություններին։ Կողմերը կարևորել են վերջին տարիներին զգալի առաջընթացը և ավելի խորը փոխգործակցության հեռանկարները:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Չինաստանը Վրաստանի խոշորագույն առևտրական գործընկերների հնգյակում է։ Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը նպաստում է ապրանքաշրջանառության աճին, ընդ որում, Վրաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել է 25 տոկոսով՝ կազմելով 1480,5 մլն ԱՄՆ դոլար: Վարչապետը հույս է հայտնել, որ առևտրատնտեսական համագործակցության հարցերով վրաց-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա մոտ ժամանակներս։

Չինացի դիվանագետը կարևորել է այդ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ ներդրումային համագործակցությունը Վրաստանի հեռանկարային շուկայում: Կողմերը նաև նշել են զբոսաշրջության ոլորտում դինամիկ աճը, ինչին նպաստում է Վրաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը:

Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստանալուն աջակցելու համար, ինչպես նաև տեխնոլոգիաների և դրամաշնորհային նախագծերի ոլորտում մշտական աջակցության համար և հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա ձեռնարկումներում:

Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հաստատել է Չինաստանի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Աղբյուր․ www.gov.ge