ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ-ՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի դեսպան  Մարիանո Վերգարային։

Ողջունելով հյուրին՝ Գլխավոր հանձնակատարը կարևորեց հայ-արգենտինական ջերմ հարաբերությունները:

«Արգենտինայում հայկական ակտիվ համայնք կա, որը, լինելով հայրենիքից ամենահեռու գտնվող համայնքներից մեկը, կարողացել է պահպանել իր ինքնությունը, կապված մնալ Հայաստանին: Համայնքի երիտասարդները նաև ակտիվ մասնակցում են մեր ծրագրերին: Ուրախ եմ, որ նրանք դարձել են Արգենտինայի օրինակելի քաղաքացիներ»,-նշեց Զարեհ Սինանյանը: Գլխավոր հանձնակատարը շեշտեց նաև, որ գրասենյակն այժմ ունի 2 արգենտինահայ աշխատակիցներ, որոնց աշխատանքի շնորհիվ համայնքի հետ մշտական կապ է պահպանվում:

Դեսպան Վերգարան ներկայացրեց Հայաստանում տարվող աշխատանքները, մասնավորապես Արգենտինայի և Հայաստանի վարորդական վկայականների փոխադարձ ճանաչելիության ուղղությամբ տարվող աշխատանքները։ Հանդիպման ընթացքում խոսք գնաց նաև հայ-արգենտինական բիզնես կապերի զարգացման վերաբերյալ:

Աղբյուր․ diaspora.gov.am