ԶՈՐՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ Է ՍԿՍԵԼ ՕՆՏԱՐԻՈՅԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Զորյան ինստիտուտն սկսել է «Հավասարության, հանդուրժողականության և հաշտեցման խթանում» խորագիրը կրող ցեղասպանության կրթական նոր ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կանադայի Օնտարիո նահանգի կրթության նախարարության կողմից: Զորյան ինստիտուտի կողմից մշակված այս ծրագիրը Տորոնտոյի տարածքի միջնակարգ դպրոցի աշակերտներին կտրամադրի ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների հետ կապված բազմաթիվ, բարդ և հաճախ զգացմունքային խնդիրներին առնչվող հիմնարար հասկացությունների վերաբերյալ գիտելիք:

Կառույցը տեղեկացնում է, որ Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի, ցեղասպանության կրթության մասնագետների, միջնակարգ դպրոցի մանկավարժների և ուսումնական պլանի խորհրդատուների աջակցությամբ ինստիտուտը մշակել է արդյունավետ և ազդեցիկ դասապլան այս ծրագրի համար: «Խոսելով ծրագրի զարգացման պատճառների մասին Զորյան ինստիտուտի փոխտնօրեն Մեյգան Ռիդը նշել է․ «Զորյան ինստիտուտը ամենամեծ հետազոտական ինստիոտուտն է, որը կենտրոնացել է ցեղասպանության, մարդու իրավունքների ուսումնասիրության, գիտության և կրթության վրա։ Այս նոր նախաձեռնությամբ մեր նպատակն է այս աշխատանքը փոխանցել երիտասարդ սերունդներին, նրանց համար ճանաչելի դարձնել «մենք» ընդդնեմ «նրանց» մտածողության վտանգները։ Այս ծրագիրը կդասավանդի ատելության բացասական հետևանքների մասին և կշեշտադրի տարիքային բոլոր խմբերի անձնական պարտավորությունը աջակցելու բռնության կանխարգելմանն և խթանելու հավասարություն, հանդուրժողականություն և փոխըմբռնում»։

Ծրագիրը նախատեսված է իրականացնել 2022 թվականի մայիս-հունիս ամիսներին, որը կղեկավարեն Զորյան ինստիտուտի Ցեղասպանության և մարդու իրավունքների համալսարանական ծրագրի նշանավոր շրջանավարտները: Յուրաքանչյուր դասընթաց կսկսվիի ինտերակտիվ քննարկմամբ՝ ներկայացնելով մարդու իրավունքները և ցեղասպանությունը, ի տիվս այլոց՝ համեմատական և միջգիտակրթական մեթոդաբանությամբ կուսումնասիրվեն ցեղասպանության առանձին դեպքեր, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, Կանադայի բնիկ ժողովուրդների մշակութային ցեղասպանությունը։ Վերոբերյալն իրականացվելու է օգտագործելով ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր վկայություններ, ինչպես նաև ցեղասպանությունից տուժածների սկզբնաղբյուրային նշանակության պատմություններ: Այս մոտեցումը ուսանողներին թույլ կտա համեմատել և հասկանալ ցեղասպանության գործընթացների և փորձի ընդհանրությունները և կնպաստի երևույթի համընդհանուրության ավելի լավ ըմբռնմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Էլիսոն Մաքոլեյը, ով Տորոնտոյի համալսարանի պատմության ֆակուլտետում գիտությունների թեկնածու է և Զորյան ինստիտուտի Ցեղասպանության և մարդու իրավունքների համասլարանական ծրագրի 2017թվականի շրջանավարտ ու սերտորեն համագործակցում է ինստիտուտի հետ այս նախաձեռնության շրջանակներում, հետևյալն է ասել ծրագրի ազդեցության մասին․ «Ցեղասպանության մասին կրթական ծրագրի միջոցով հավասարության, հանդուրժողականության և հաշտեցման խթանումը Մեծ Տորնոտոյի Տարածքի միջնակարգ դպրոցների աշակերտների համար հնարավորություն է քննադատական մտածողությամբ հասկանալ, թե ինչ է նշանակում լինել ակտիվ և ներգրավված գլոբալ քաղաքացի: Զորյանի նորարարական և մուլտիմեդիա մոտեցումը մարդու իրավունքների և ցեղասպանության վերաբերյալ կրթությանը խրախուսում է ուսանողներին առերեսվել դժվար անցյալին և ներկային կարեկցանքով, հասկացողությամբ և մտավոր խստությամբ: Այս ծրագիրը ուսանողներին կարող է դուրս բերել իրենց դասասենյակների շրջանակներից, որպեսզի իրենց ամենօրյա կյանքում իրենք աշխատեն ավելի արդար ու հանդուրժող աշխարհ ստեղծելու ուղղությամբ»։

Նշվում է, որ Զորյան ինստիտուտը երախտապարտ է Օնտարիոյի մանկավարժներին, Սոսի Թերզյան-Խիրին՝ Ուիլյամ Բերչիի հանրակրթական դպրոցի Յորքի շրջանի դպրոցական խորհրդին և Քրիստին Զաղիկյանին՝ Տորոնտոյի շրջանի Էրլ Հեյգի միջնակարգ դպրոցի ուղեցույցի Ուսումնական ծրագրի աջակցության ղեկավարին, ծրագրի կառուցվածքի և ավագ դպրոցի աշակետրներին նյութի մատուցման մեթոդաբանության վերաբերյալ խորհրդատվության համար։ Անդրադառնալով նոր ծրագրին՝ Զաղիկյանը ասել է․ «Քանի որ մեր աշխարհը շարունակում է տառապել էթնիկ բռնությամ և քաղաքական անկարգությունների պատճառով, այժմ ավելի քան երբևէ կարևոր է իմանալ ցեղասպանության իրադարձությունների արմատների մասին և թե ինչպես հասկացությունները, ինչպիսիք են բացառումը, անհանդուրժողականությունը և ապամարդկայնացումը, կարող են հարթակ ստեղծել ատելության հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումներ համար: Այս ծրագրի միջոցով ուսանողները կսովորեն ցեղասպանության պատճառների և հետևանքների մասին, կճանաչեն անարդարությունը և կներգրավվեն ատելության դեմ պայքարին տեղական մակարդակում, որպեսզի այսօրինակ ոճրագործություններն այլևս երբեք չկրկնվեն»։

Այս առթիվ Զորյան ինստիտուտի համանախագահ պրոֆեսոր Ռոջեր Սմիթը, պրոֆեսոր Մաուրին Հեյբերթը և պրոֆեսոր Վարուժ Այվազյանը ցանկացել ենն իրենց երախտիքի խոսքն ուղղել Օնտարիոյի կրթության նախարարությանը և անձամբ նախարար Սթեֆան Լիսին՝ Բնիկ ժողովուրդների կրթության և բարեկեցության բաժնի կողմից առաջարկված 2021-2022 Ատելության դեմ ուղղված նախաձեռնությունների շրջանակներում այս ծրագրի ֆինանսավորման համար։ Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանը ևս ցանկացել է իր շնորհակալությունը հայտնել Սկարբորո-Ագինկուր ընտրատեղամասի՝ Օնտարիոյի նահանգային խորհրդի անդամ Արիս Պապիկյանին Զորյան ինստիտուտի նախաձեռնությունները Կրթության նախարարությունում խթանելուն ուղղված իր շարունակական աջակցության համար։ Իր խոսքում Սարգսյանն ասել է․ «Զորյան ինստիտուտի հետ համագործակցությամբ՝ 2008 թվականից ի վեր պարոն Բաբիկյանը մեծ դեր է ունեցել Օնտարիոյի միջնակարգ դպրոցներում ցեղասպանության մասին իրազեկվածության խթանման գործում՝ մշակելով 11-րդ դասարանի «Ցեղասպանություն. պատմական և ժամանակակից հետևանքներ» դասընթացը: Իր շարունակական աջակցությամբ մենք վստահ ենք, որ այժմ կարող ենք ընդլայնել այս ծրագրի շնորհիվ ձեռք բերված աշխատանքը Մեծ Տորոնտոյի տարածքի ավագ դպրոցներում՝ Հավասարության, հանդուրժողականության և հաշտեցման խթանման միջոցով Ցեղասպանության կրթական ծրագրի շրջանակներում»:

Նշվում է, որ Զորյան ինստիտուտը և Կրթության նախարարությունը ծրագրից ստացած արձագանքները կօգտագործեն առաջիկա դպրոցական տարիներին Օնտարիոյի միջնակարգ դպրոցի ուսուցիչների և ուսանողների համար դասապլանի և լրացուցիչ ուսումնական նյութերի մշակման համար: Այս նախաձեռնությամբ Զորյան ինստիտուտի երկարաժամկետ նպատակն է վերապատրաստել ուսուցիչներին և ընդլայնել ծրագրի շրջանակը Օնտարիոյի նահանգից դուրս և այս ծրագիրը ներկայացնել ամբողջ երկրում։

 

Աղբյուր․ https://armenpress.am