Կալիֆորնիայի հայ-ամերիկյան թանգարանն ու մշակութային կենտրոնը ստեղծել են երիտասարդ մասնագետների նոր կոմիտե։ Այս մասին հայտնում է «Asbarez» կայքը։
Կոմիտեի նպատակն է նպաստել թանգարանի առաքելությանը, համախմբել երիտասարդ մասնագետներին ողջ հանրության հետ և ընդլայնել հաջորդ սերնդի առաջնորդների հնարավորությունները:
«Մենք ժառանգություն ենք ստեղծում թանգարանային նախագծի միջոցով, և հենց մեր երեխաներն ու երիտասարդներն են պատրաստվում այդ ժառանգությունը փոխանցել ապագա սերունդներին», — ասել է գործադիր նախագահ Բերջ Կարապետյանը։
Երիտասարդ մասնագետների կոմիտեն նախատեսում է անցկացնել մի շարք միջոցառումներ, այդ թվում սոցիալական և կրթական միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան երիտասարդ մասնագետներին շփվել, արտահայտել իրենց կարծիքը և կօգնեն մշակել թանգարանի հանրային ծրագրերը:
Երիտասարդ մասնագետների կոմիտեի առաջին կազմում ընդգրկված են Էրիկ Դավիդյանը, Սարին Հաջարը, Մարիա Գևորգյանը, Լենա Մինասյանը, Սերա Նաջարյանը, Անի Նալբանդյանը, Դինա Նազարյանը, Ալին Օհանյանը, Արման Օհանյանը, Նատալի Օրֆալին, Կատյա Օրֆալին և Օրջեն Ռուշանյանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք հայ-ամերիկյան թանգարանի կայքը: