Քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին և դեսպանության ներկայացուցիչներին:
Ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքի տեղեկատվության՝ Ա.Քյարամյանը ողջունելով հյուրի, նախ շնորհավորել է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի առիթով ու ընդգծել երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցության և բարեկամական կապերի նշանակալի իրողությունները:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն իր խոսքում կարևորել է պետությունների երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և փաստել, որ շարունակական քայլեր են իրականացվում համագործակցության շրջանակների ընդլայնման ուղղությամբ:
Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել նաև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին՝ Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրված համաձայնագրի դրույթներին՝ վստահություն հայտնելով, որ ինչպես հիշյալ փաստաթղթի, այնպես էլ հետագա շարունակական շփումների արդյունքում կձևավորվեն առավել համակողմանի գործակցության հնարավորություններ:
Կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանն ու Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանը պայմանավորվածություն են ձեռք բերել Քննչական կոմիտեի պաշտոնատար անձաց և դեսպանության իրավական հարցերով պատասխանատուների միջև կապերի հաստատման ու համատեղ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և նախանշել համագործակցության որոշակի ուղղություններ: