Լիբանան այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան֊սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր և ծրագրեր։
Լիբանանում Զարեհ Սինանյանը հանդիպել է Տանն Կիլիկիոյ Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնմանը, գրասենյակի ծրագրերին կաթոլիկ համայնքի ակտիվ մասնակցությանը, սփյուռքի կաթոլիկ համայնքների կացությանն ու խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Գլխավոր հանձնակատարը հանդիպել է նաև Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահի տեղապահ և Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանի հետ: Քննարկվել են գրասենյակի հետ համագործակցության արդեն իսկ առկա ծրագրերի ընթացքը, Լիբանանում ու սփյուռքյան այլ համայնքներում պլանավորված միջոցառումները, Հայկազյան համալսարանի հետազոտական ու գիտական ներուժն արդյունավետ օգտագործելու, դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Գլխավոր հանձնակատարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ավետարանական համայնքին և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությանն ու մասնաճյուղերին արդյունավետ համագործակցության համար:
Աղբյուր․ diaspora.gov.am