10 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ

Կալիֆորնիայի նահանգապետ Քևին Նյուսոմն առաջարկել է հաջորդ տարի պետական ​​բյուջեից լրացուցիչ 10 միլիոն դոլար հատկացնել Հայ-ամերիկյան թանգարանի համար։ Առաջարկը հավանության արժանանալու դեպքում թանգարանին պետական ​​աջակցությունը կկազմի 19,8 մլն դոլար։ Այս մասին տեղեկացնում  է «Asbarez» կայքը։

Հայ-ամերիկյան թանգարանի գործադիր մարմնի նախագահ Պերճ Կարապետյանը թանգարանի ղեկավարության և հայ համայնքի անունից շնորհակալություն է հայտնել նահանգապետին՝ այս կարևոր նախաձեռնությանը շարունակական աջակցության համար։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Կալիֆորնիայի նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին թանգարանի ծրագրին առաջին օրվանից ցուցաբերած աջակցության համար: Իր հերթին Պորտանտինոն ողջունել է Նյուսոմի առաջարկը՝ խոստանալով անել հնարավոր ամեն բան, որ այն վավերացվի օրենսդիր մարմնի կողմից։

Գլենդելի կենտրոնում կառուցվող թանգարանի հիմնարկեքը տեղի ունեցավ անցյալ տարի: Երկհարկանի Հայ-ամերիկյան թանգարանը կունենա մշտական ​​հավաքածու՝ նվիրված ամերիկահայերին, ինչպես նաև պարբերաբար ցուցադրություններ և միջոցառումներ: Այն կունենա թատրոն, կրթության բաժին, արխիվ, ճաշարան, խանութ։

Թանգարանի ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայքը: