ԱՐԴՅՈՔ ՎՐԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԱՍԻԱՅԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԻՋԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՆԳՈՒՅՑԸ

Անկախացումից ի վեր Վրաստանը ձգտում էր օգտվել Եվրոպայի և Ասիայի միջև իր ռազմավարական կարևոր դիրքից և իրեն դրսևորել որպես կարևոր տարանցիկ հանգույց:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և ՏՐԱՍԵԿԱ միջազգային տրանսպորտային ծրագրի գործարկումից հետո երկրի քաղաքական վերնախավը Վրաստանի տարանցիկ ներուժը հայտարարել Է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության կառուցման կարևորագույն և առաջնային բաղադրիչներից մեկը:

Վրաստանի նշանակությունըորպես տարանցիկ հանգույց  կրկին աճել է 2013 թվականին, երբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հանդես եկավ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (ՄԳՄՃ) նախաձեռնությամբ՝ Արևմուտքի հետ կապերի զարգացման համար: ՄԳՄՃ-ը բաղկացած է երկու մասից՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի և ծովային Մետաքսի ճանապարհ, որոնք միասին սահմանում են Չինաստանը Եվրոպայի հետ կապող նախագծերի փաթեթը: ՄԳՄՃ նախաձեռնությունը աստիճանաբար նվաճել է համաշխարհային ճանաչում և ավելի ու ավելի հաճախ է համարվում դարի կարևորագույն նախաձեռնություններից մեկը:

Չնայած այն հանգամանքին, որ ի սկզբանե Վրաստանը չեր համարվում ՄԳՄՃ-ի մաս, այն աստիճանաբար ընդլայնել է համագործակցությունը Չինաստանի հետ: Շուտով Վրաստանը հաջողվեց դառնալ այս նախաձեռնության մաս  և նույնիսկ անցկացնել դրան նվիրված միջազգային համաժողովներ։

Ներկայումս ՄԳՄՃ-ը բաղկացած է վեց հիմնական տարանցիկ միջանցքներից, որոնք մրցում են ճանաչվածության համար և դառնում են Արևելքի և Արևմուտքի միջև բեռների փոխադրման կանխադրված երթուղի: Առևտրային միջանցքներից մեկը կապում է Չինաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան Եվրոպայի հետ։ Այս երթուղին, որը հաճախ անվանում են «ՄԳՄՃ-ի միջին միջանցք», հիանալի հնարավորություն է Վրաստանի տարանցիկ ձգտումների համար։ Չնայած դրան՝ երկրի տարանցիկ դերի զարգացման համար անհրաժեշտ ավելի մասշտաբային նախաձեռնությունների իրականացման հարցում Վրաստանը բազմիցս անհաջողություններ է կրել։ Թեվ Վրաստանն ունի Սև ծովի 190 մղոն երկարությամբ ջրափնյա գիծ, այն դեռևս չունի խորջրյա նավահանգիստ, ինչը սահմանափակում է ընդհանուր ծովային թողունակությունը: Այդ հարցը կտրուկ խարխլում Է Վրաստանի՝ որպես տարանցիկ երկրի դերը։

Վրաստանի կառավարությունը՝  ի դեմս նախկին նախագահ Սահակաշվիլիի, բազմիցս ձգտել է կառուցել խորջրյա նավահանգիստ Անակլիայում։ Սակայն Սահակաշվիլիի «Լազիկա» նախագիծը չի հաջողվել, քանի որ «Վրացական երազանքի» կառավարությունը փակեց այն 2012-ին իշխանության գալուց հետո։ Նախաձեռնությունը վերածնվել է Անակլիայի խորջրյա նախագծի շրջանակներում 2015 թվականին:

Վրաստանում առաջին խորջրյա նավահանգստի շինարարությունը սկսվել է 2017 թվականին։ Սակայն Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը 2020 թվականին խզել է Anaklia Development Consortium-ի հետ նավահանգստի կառուցման պայմանագիրը: Պաշտոնական պատճառը ֆինանսական հաշվետվություններին չպատասխանելն է։ Դեռևս նախագծին ընկերությունների մասնակցության համար նոր չի հայտարարվել, և Եվրոպայի և Ասիայի միջև խոշոր տարանցիկ հանգույց դառնալու Վրաստանի հեռանկարները մնում  են վտանգված:

Այս թերությունը լուրջ խոչընդոտ է դարձել Եվրասիական տարանցիկ համակարգի կարևոր հանգույց դառնալու երկրի ձգտման ճանապարհին։ Մինչդեռ Հյուսիսային միջանցքը շատ ավելի գրավիչ էր, քանի որ այն թույլ է տալիս խուսափել մաքսային ստուգումներից, որովհետև Ղազախստանը, Ռուսաստանն ու Բելառուսը Մաքսային միության մաս են կազմում։

Սակայն, հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը  և ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կիրառված պատժամիջոցները, Հյուսիսային միջանցքը կորցնելու է իր նշանակությունը: Դա զգալիորեն մեծացնում է Միջին միջանցքի նշանակությունը, որն ամենակարճ ճանապարհն էերկու մայրցամաքների միջև  և թույլ է տալիս բեռներ փոխադրել 15 օրում:

Միջին միջանցքը կարող է արդյունավետրեն օգտագործվել ԵՄ-ի, Չինաստանի և Արևելյան Ասիայի այլ երկրների կողմից որպես հիմնական այլընտրանքային երթուղի: ԵՄ-ն արդեն մեծ ներդրում է ունեցել երթուղու ստեղծման գործում, ներառյալ Կասպից ծովով երկաթուղային հաղորդակցության զարգացումը։ Հաշվի առնելով Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսները, ԵՄ-ն կարող է աշխատել այդ ուղղությամբ Չինաստանի հետ միասին և աջակցել Միջին միջանցքի երկայնքով նախաձեռնություններին։

Կարևոր է նշել, որ երկու խաղացողներ կարող են համատեղ ներդրումներ կատարել Անակլիա խորջրյա նավահանգստի կառուցման համար: Միևնույն ժամանակ, վրացական կառավարությունը պետք է կենտրոնանա Անակլիայի նախագծի վերականգնման վրա, որպեսզի օգնի բարձրացնել Վրաստանի տրանսպորտային և տարանցիկ դերը։ Իշխող կուսակցությունը պետք է սերտորեն համագործակցի ԵՄ-ի և Չինաստանի հետ և օգտվի ստեղծված իրավիճակից: Դրան կարելի էր արդյունավետորեն հասնել նաև Ադրբեջանի կառավարության հետ համագործակցությամբ, որը վերջերս շահագրգռվածություն էր հայտնել իր էներգառեսուրսները Եվրոպա տեղափոխելու հարցում։

Աղբյուր․ https://forbes.ge