Մայիսի 4-10-ը հայ գործարարների պատվիրակությունն այցելել է Կալիֆորնիա «Ամերիկա-Հայաստան գործարար կամուրջ» նախագծի շրջանակներում: Այս մասին հայտնում է «Asbarez» կայքը։
«Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի և «Հայ-ամերիկյան բիզնեսի զարգացման խորհուրդ»-ի կողմից կազմակերպված այցը տեղի է ունեցել Լոս Անջելեսում՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսության և Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի հովանու ներքո:
Գործարարների պատվիրակությունը մայիսի 5-ին այցելել է ՀՀ գլխավոր հյուպատոսություն և հանդիպել անձնակազմի հետ: Արտակարգ բանագնաց և լիազոր նախարար Ն.Սարոյանը կարևորել է նման այցերը, քանի որ դրանք նպաստում են հայ-ամերիկյան գործարար կապերի զարգացմանը, Ամերիկա ներկրվող հայկական արտադրանքի ծավալների ավելացմանը: Սարոյանը պատասխանել է հյուրերի՝ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններին վերաբերվող հարցերին։
Մայիսի 6-ին Գլենդելի քաղաքապետարանը և հյուպատոսությունը կազմակերպել էին հայ ձեռներեցների պատվիրակության հանդիպում Գլենդելի գործարար համայնքի և քաղաքապետարանի տնտեսական համագործակցության վարչության հետ: Ելույթներով հանդես են եկել Գլենդելի քաղաքապետ Ա. Քասախյանը, Կալիֆորնիայից սենատոր Պորտանտինոն, հյուպատոսական խորհրդական Վ. Պահլավունին, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամներ Ա. Նաջարյանը և Դ. Բրոտման. Ներկա էին նաև Գլենդելի կորեական և ֆիլիպինյան գործարար համայնքների ներկայացուցիչներ:
Մայիսի 8-ին Բըրբենք քաղաքում՝ Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի տարածքում, բացվել է «Հայկական առևտրի տոնավաճառը»։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Տերտերյանը, Ն.Սարոյանը, Ա.Ղասախյանը, Միջազգային գործարար կապերի աջակցության խորհրդի նախագահ Մ.Մանուկյանը, Հայ-ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Ղազարյանը։ Ցուցահանդեսին ներկայացված էին հայ արտադրողների մոտ 3 տասնյակ ապրանքներ և ծառայություններ։
Մայիսի 9-ին Սրբոց Ղևոնդյանց եկեղեցու դահլիճում տեղի է ունեցել «Ամերիկա-Հայաստան գործարար կամուրջ» խորագրով համաժողովը: Համաժողովին ելույթներով հանդես են եկել Վ. Փախլավունին, Մ.Մանուկյանը, Ա. Ղազարյանը, ամերիկահայ գործարարներ, մեքսիկա-ամերիկայան գործարար կառույցների ներկայացուցիչներ:
Մայիսի 11-ին հայկական գործարար պատվիրակությունը Los Angeles City Club-ում հանդիպել է Լոս Անջելեսի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարիա Սալինասի և պալատի ղեկավարության հետ։ Հանդիպումը կազմակերպել է հյուպատոսությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Կորդոբա» ընկերության կառավարիչ գործընկեր Մարիա Մեգրանյանի աջակցությամբ և հովանավորությամբ։ Ելույթներով հանդես են եկել Վ. Փախլավունին, Մարիա Սալինասը, Մարիա Միհրանյանը, Ա.Ղազարյանը: Այնուհետև ներկայացվեց Enterprise Armenia կազմակերպառևտուրության Հայաստանի ներդրումային գրավչությանը նվիրված կարճ տեսահոլովակ, դիտումից հետո տեղի է ունեցել մասնակիցների միջև մտքերի փոխանակում: