ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բելգիայի հայերը պատրաստվում են համայնքային ընտրություններին, որը տեղի է ունենալու հունիսի 5-ին: Բելգիայի հայերի կոմիտեն կոչ է անում տեղի հայերին ակտիվ լինել և մասնակցել ընտրություններին՝ ձևավորելով ներկայացուցչական հանձնաժողով: «Արմենպրես»ի հետ զրույցում Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Նիկոլա Թավիթյանը նշեց, որ համայնքային նախորդ ընտրություններն անցկացվել են 4 տարի առաջ՝ 2018 թվականին, մասնակցել է 1500 մարդ:

«Բելգիայում ներկայում ապրում է մոտ 30 հազար հայ: 90-ական թվականներից հետո մեծ հոսք եղավ դեպի Բելգիա: Համապատասխան աշխատանք տարվեց, որպեսզի մեր հայրենակիցներն ակտիվ լինեն, ընդգրկվեն համայնքային կառույցներում, ծրագրերում: Ներկայում մոտ 5 հազար մարդ ներկայացված է համայնքային կառույցներում: Մենք ակնկալում ենք, որ նրանցից շատերն ակտիվ կլինեն ու կմասնակցեն համայնքային ընտրություններին, որով ձևավորվում է ներկայացուցչական հանձնաժողով, որն էլ իր հերթին ձևավորում է գործադիր մարմին՝ Բելգիայի հայերի կոմիտեն»,-ասաց Նիկոլա Թավիթյանը: Բելգիայի պետական հարթակներում հայ համայնքը ներկայացնում է կոմիտեն:  Համայնքային հաստատությունների կոչումը Բելգիայի հայերին երկրի կառավարական մարմիններում, տեղական իշխանություններում և արտերկրում ներկայացնելն է:

«Ընկալումն այն պետք է լինի, որ մեկ մարդը չի կարող առանձին աշխատել, պետք է միավորվենք, ընտրություններով ձևավորենք մարմին, որը կսահմանի առաջնահերթությունները, կմշակի ռազմավարություն, կաշխատի տարբեր ուղղություններով, իսկ անելիքներ շատ կան»,-ասաց Նիկոլա Թավիթյանը:

Անելիքները վերաբերում են թե արտաքին քաղաքական հարցերին, թե Հայաստան-Բելգիա հարաբերությունների զարգացմանը, թե հայ համայնքի ներքին հարցերին: Նիկոլա Թավիթյանի խոսքով՝ արտաքին քաղաքական հարցերի հետ կապված առաջնահերթություններից է Արցախի հարցը: Նա ընդգծեց, որ պետք է ակտիվ լինել, շարունակական աշխատանք տանել Բելգիայի օրենսդիր, գործադիր մարմնի հետ՝ ներկայացնելու, իրազեկելու Արցախի հետ կապված հարցը: Այստեղ Նիկոլա Թավիթյանը կարևորեց ոչ միայն Բելգիայի համայնքի միասնությունը, համատեղ աշխատանքը, այլև եվրոպական մյուս երկրներում առկա հայկական կառույցների հետ միասնական գործակցությունը: Արդյունավետությունն այս դեպքում ավելի բարձր կլինի:  

Բելգիայի հայերի կոմիտեի նախագահի խոսքով՝ մեկ այլ կարևոր գործոն են համայնքի ներքին խնդիրները՝ կապված կրթության, մշակութային հարցերի հետ: Բելգիայի հայ համայնքում, ըստ Նիկոլա Թավիթյանի, մշակութային կյանքն ակտիվ է, սակայն կարիքը կա առավել ակտիվացնելու գործակցությունը Հայաստանի մշակութային խմբերի հետ: Կազմակերպել այցեր, որպեսզի Հայաստանից պարային, թատերական, համերգային և այլ խմբերն ավելի հաճախ լինեն Բելգիայում ինչպես հայկական մշակույթը ներկայացնելու, այնպես էլ տեղի խմբերի հետ փորձի փոխանակման համար:

Կրթական հարցերի հետ կապված Նիկոլա Թավիթյանը նշեց, որ այդ ուղղությամբ ֆինանսավորման խնդիրը պետք է լուծվի, աշխատանքներ իրականացվեն ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ:

«Մեծ ու չիրացված ներուժ կա Բելգիա-Հայաստան հարաբերություններում: Ինչպես գիտեք բելգիացիները շատ լավ գործարարներ են, այստեղ կարող ենք նպաստել համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, անելիքներ կան մշակութային, կրթական ոլորտում, իհարկե, այդ ամենը համակարգելով Հայաստանի համապատասխան կառույցների հետ»,-ասաց Նիկոլա Թավիթյանն՝ ընդգծելով, որ մեծ դերակատարում կարող էր ունենալ այն հանգամանքը, որ Հայաստանում Բելգիան դեսպանություն կամ հյուպատոսություն ունենար:

Բելգիայում ապրող հայերը ներկայացված են ամենատարբեր ոլորտներում ու շատերն առաջատար մասնագետներն են՝ փաստաբաններ, բժիշկներ, գործարարներ, արտիստներ և այլն: Նիկոլա Թավիթյանն ընդգծեց, որ այնպիսի իրավիճակի պետք է հասնել, որ Բելգիայում հայ լինելը առավելություն լինի:

Աղբյուր․ armenpress.am