ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՉԻՆԱԿԱՆ ԴԱՀՈՒԿԱՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Հայաստանի և Չինաստանի դահուկային սպորտի ֆեդերացիաները կհամագործակցեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը: «Առաջիկայում Չինաստանը կդառնա հզորագույն դահուկային պետություններից մեկը, և մենք համագործակցելու ենք նրանց հետ: Միջազգային կոնգրեսի շրջանակներում համագործակցության հուշագիր ենք ստորագրել չինական ասոցիացիայի հետ»,- ասաց Սարգսյանը:

Սեպտեմբերին Հայաստան կժամանի նաև միջազգային ֆեդերացիայի նախագահը` Յոհան Էլիաշը:

«Միջազգային ֆեդերացիայի նոր նախագահը բարեփոխումների նոր շրջան է սկսել, որին մեր աջակցությունն ենք հայտնել: Ինքներս էլ բարեփոխումների մեր փաթեթն ենք ներկայացրել: Փոփոխության ենթարկվեց նաև միջազգային ֆեդերացիայի անվանումը` այսուհետ այն կանվանվի Դահուկասպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիա: Սրանից ելնելով Հայաստանի ֆեդերացիան ևս կանվանափոխենք` դարձնելով Հայաստանի դահուկասպորտի և սնոուբորդի ֆեդերացիա»,- ասաց ֆեդերացիայի նախագահը:

Սարգսյանի խոսքով` այսուհետ կանանց և տղամարդկանց մրցատարածությունները կհավասարվեն: Սա միջազգային ֆեդերացիայի նոր որոշումն է: Կլինեն նաև միքս թիմերը` կանանց և տղամարդկանց, ինչպես նաև թիմերի միավորում կլինի: Եթե որևէ երկիր չունի մասնակցության համար պարտադիր համարվող 4 մասնակից, ապա երկու տարբեր երկրներ կարող են միավորվել:

Առաջիկայում Հայաստան կժամանեն բելառուս դահուկորդները, սնոուբորդիստները, ֆրիսթայլիստները, որոնք մարզումային ճամբար կունենան Ծաղկաձորում կամ Աշոցքում:

Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է ազգությամբ շվեդ Յոհան Էլիաշը: Ընտրությանն առաջադրվել էր ընդամենը մեկ թեկնածու: Հայաստանը «կողմ» է քվեարկել:

Աղբյուր․ armenpress.am