ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՉԻԿԱԳՈՅՈՒՄ

Զարեհ Սինանյանի այցը ԱՄՆ շարունակվում է: Գլխավոր հանձնակատարն այս պաշտոնում առաջին անգամ ժամանել է Չիկագո: Պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը, որի պաշտոնավորումն ընդգրկում է Իլինոյս, Միսսուրի, Այովա, Վիսկոնսին և Մինեսոտա նահանգները, դիմավորեց Գլխավոր հանձնակատարին: Պատվավոր հյուպատոս համայնքի ակտիվ ներկայացուցիչներից է և հատկանշական դեր է խաղացել Չիկագոյի շուկա հայաստանյան ապրանքների ներմուծման գործում:

Զարեհ Սինանյանն այցելել է Չիկագոյի կենտրոնում գտնվող Երևանի զբոսայգի: Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Չիկագոյի շրջանի հայ երիտասարդների հետ և  ծանոթացել նրանց գործունեությանը, կրթությանը և աշխատանքին, նաև ներկայացրել գրասենյակի գործունեությունը: Զարեհ Սինանյանը հատկապես կարևորել է ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» և «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրերը: Հանդիպման մասնակիցները մեծ ոգևորություն են ցուցաբերել գրասենյակի ծրագրերի հանդեպ:

Չիկագոյում Գլխավոր հանձնակատարի վերջին հանդիպումը հայ համայնքի փաստաբանների, բժիշկների և համայնքային ղեկավարների հետ էր: Հանդիպման ընթացքում ընդգրկուն քննարկում է ծավալվել Հայաստանի քաղաքական իրողությունների, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության և Հայաստան-սփյուռք օրակարգային հարցերի շուրջ: Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել համայնքի ներկայացուցիչներին առողջ երկխոսության, համագործակցության և կատարած աշխատանքի համար:

Աղբյուր․ diaspora.gov.am