ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆՆ ԱԹԵՆՔՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունիսի 22-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը  հանդիպել է  Հունաստանում հայկական համայնքային կառույցների, հայ հոգևոր դասի ներկայացուցիչների և  հունահայերի հետ:

Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպման մեկնարկին Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը` ներկայացրել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Հունաստան կատարած այցի նպատակները և հանդիպումների շրջանակը:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացրել է հանձնակատարի գրասենյակի գործունեությունը` 2019 թվականի հունիսի 11-ին հիմնադրվելուց ի վեր: Նա կարևորել է Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացումը, ներկայացրել է գրասենյակի ռազմավարությունը, տարվող քաղաքականությունը, անդրադարձել է իրականացվող ծրագրերին, ինչպիսիք են օրինակ «իԳործ», «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրերը, կարևորել Սփյուռքում ազգային ինքնության պահպանումը և զարգացումն ու այդ համատեքստում անդրադարձել «Քայլ դեպի տուն» կրթական, ճամբարային ծրագրին:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն անդրադարձել է նաև հայրենադարձության խրախուսման, Հայաստանի հետ բիզնես հարաբերությունների հաստատման, ներդրումների իրականացման ու ինտեգրման ծրագրերին:

Հանդիպման ընթացքում պատասխանելով ներկաների հարցերին՝ Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին:

Աղբյուր․ armenpress.am