ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՈՒՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Աթենքում՝ ՀՀ դեսպանատանը, հանդիպում է ունեցել Հունաստանում հայկական համայնքային կառույցների, հայ հոգևոր դասի ներկայացուցիչների, հունահայերի հետ:

Զարեհ Սինանյանը ներկայացրել է հանձնակատարի գրասենյակի գործունեությունը, ծրագրերը, սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունը: Գլխավոր հանձնակատարը հույս է հայտնել, որ հունահայությունն առավել ակտիվ կմասնակցի գրասենյակի «իԳործ», «Սփյուռքի երիտասարդ դեսպան» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին:

Այնուհետ անդրադարձ է կատարվել հայրենադարձության գործընթացին, ինտեգրման ծրագրերին, իր տեսակի մեջ առաջին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի հիմնմանը, ներդրումային քաղաքականությանը:

Հանդիպման ընթացքում պատասխանելով ներկաների հարցերին Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաև ՀՀ ներքաղաքական զարգացումներին, արտաքին և ներքին մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին: Կարևորվել է աշխարհասփյուռ հայության միասնությունն ու համերաշխությունը ներկայիս խնդիրներին դիմակայելու գործում:

Աղբյուր․ diaspora.gov.am/