ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Նիցցայի Պարսամյան մշակութային համալիրում։
Վարչապետի տիկինը համալիրի կառավարման խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վարժարանում, ծանոթացել դպրոցի հիմնադրման պատմությանը, կարևոր իրադարձություններին և ավանդույթներին։ Աննա Հակոբյանը համալիրի տնօրինության, համայնքի ներկայացուցիչների, Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական խորհրդի՝ ֆինանսական կոմիտեի նախագահ, պատգամավոր Էրիկ Սիոտտիի և պատգամավոր Քրիստելլե Դինտորնիի հետ համատեղ քննարկում է ունեցել: Մտքերի փոխանակությունից հետո մեկնարկել է Պարսամյան դպրոցի հիմնադրման 35-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսությունը։ «Երբ Պարսամյան վարժարանի հիմնադրման 35-ամյակի առթիվ ստացա հրավերը, մերժել պարզապես չէի կարող, որովհետև կրթությանն առնչակից ցանկացած թեմա ինձ հոգեհարազատ ու սիրելի է: Պարսամյան վարժարանն իրոք յուրահատուկ է. լինելով ֆրանսիական հանրակրթության դպրոց՝ դասավանդելիս պահպանում է հայկական կրթության ողջ բաղադրիչը՝ սկսած հայոց լեզվից մինչև հայկական մշակույթ, երգ, պար, թատրոն»,- շեշտել է Աննա Հակոբյանը։
Աղբյուր․diaspora.gov.am/