STARMUS ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

STARMUS միջազգային փառատոնը կապված է Ստիվեն Հոկինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ Այն 2011 թվականից անցկացվել է Թեներիֆե կղզում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), հետագայում նաև Նորվեգիայում, Շվեյցարիայում: Փառատոնը միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները և նպատակ ունի հանրայնացնելու գիտությունը մարդկության համար արվեստի միջոցով։

2022 թվական փառատոնն անցկացվելու է Հայաստանում՝ հնարավորություն տալով տեղի բնակչությանը վայելելու գիտության ու արվեստի օրերը, ինչպես նաև հնարավորություն տալու օտարերկրացիներին այցելելու Հայաստան և ի թիվս փառատոնի ծրագրի՝ ծանոթանալու նաև Հայաստանի գիտական և մշակութային ժառանգությանը։

STARMUS փառատոնը համարվում է միակն աշխարհում, որ նման մասշտաբի միջոցառումներ  և խոսնակներ է ունենում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, երաժշտության ու արվեստի աստղեր։ Փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումները տարբեր են և ընդգրկում են թե՛ դասախոսություններ, համերգներ, և թե՛ գիտական ճամբարներ, կլոր-սեղաններ, որոնք նպատակ են ունենում հանրայնացնելու գիտությունը և հասանելի դարձնելու այն լայն շրջանակներին՝ հատկապես ուսանողներին ու երիտասարդությանը։

Նորվեգիայում անցկացված փառատոնի ընթացում 2017 թվականին Սթարմուսի ճամբարն ունեցել է ավելի քան 50,000 այցելու, իսկ 2022 թվականին Հայաստանում նախատեսվում է՝ ավելի քան 100,000 այցելու։

STARMUS փառատոնի շրջանակներում է շնորհվում նաև աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգի հեղինակավոր շքանշանը (մեդալը), որը ճանաչում է գիտության հանրայնացման գործում ներդրումը։

Միջոցառումներին մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, երաժշտության և արվեստի համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ:

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներին, Նոբելյան մրցանակակիրներին, տիեզերագնացների մտածողներին, գիտության մշակույթի ու արվեստի գործիչներին միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ  Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

Հայաստանում STARMUS VI փառատոնի ծրագրում նախատեսվում է համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ:

Սթարմուս VI-ի մասին՝  https://starmus.com/Armenia

Տոմսերի համար՝  https://starmus.com/tickets

Խոսնակներ՝ https://starmus.com/speakers

Արտիստներ՝ https://starmus.com/artists

Youtube:  https://www.youtube.com/user/starmusfest

Աղբյուր․ diaspora.gov.am