Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է 2022-2023 թվականների պետական բյուջեն, որը նախատեսում է 10 միլիոն դոլարի նոր ֆինանսավորում Գլենդել քաղաքում կառուցվող հայ-ամերիկյան թանգարանի համար: Դրա շնորհիվ Քալիֆորնիա նահանգի ներդրումների ընդհանուր ծավալը կրթամշակութային կենտրոնում կազմում է 19,8 մլն դոլար։ Այս մասին հայտնում է «Asbarez» կայքը։
Նահանգապետի կարևոր հայտարարությունից հետո գործադիր նախագահ Բերջ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել նրան ուժեղ ղեկավարության և Հայ-ամերիկյան թանգարանին շարունակական աջակցության, իսկ սենատոր Էնթոնի Պորտանտինոյին՝ ծրագրին երկար տարիներ ցուցաբերած աջակցության համար:
Սենատոր Էնթոնի Պորտանտինոն՝ թանգարանի երկարամյա պաշտպանը, համագործակցում է նահանգապետի վարչակազմի հետ՝ պետական պաշտոնյաներին և գործընկերներին բացատրելու նախագծի պատմական նշանակությունը։
Հայ Ամերիկյան թանգարանը համաշխարհային մակարդակի մշակութային և կրթական հաստատություն է, որը ներկայումս կառուցվում է Գլենդելի Կենտրոնական զբոսայգում գտնվող թանգարանային կամպուսում: Թանգարանը կառաջարկի հանրային ծրագրերի լայն շրջանակ մշտական և ժամանակավոր ցուցադրությունների, լսարանի, ուսումնական կենտրոնի, ցուցադրական խոհանոցի, արխիվների կենտրոնի միջոցով:
Թանգարանի շինարարությունը սկսվել է 2021 թվականի ամռանը։ Կիսաստորգետնյա ավտոտնակի և հիմքի առաջին փուլի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականի ամռանը։ Նախագծի հաջորդ խոշոր փուլը կլինի 50820 քառակուսի ոտնաչափ երկհարկանի թանգարանային համալիրի երկրորդ փուլի կառուցումը: