ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Կիպրոսում։ Նա Կիպրոսի նախագահական հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով մասնակցել է Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։
Իր գործընկերոջ հետ առանձին հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ մեկ ամիս առաջ Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ հւշագրի կնքումից հետո սա ևս մեկ կարևոր առիթ է համագործակցության ուղղություններն ընդլայնելու համար։ «Հայկական և կիպրական սփյուռքները նախևառաջ դաշնակիցներ և բարեկամներ են։ Այս առումով գործակցության ուղղությունները բազմաթիվ են՝ մշակութային կապերից մինչև երիտասարդության միջև երկխոսություն և այլն»:
Ֆոտիս Ֆոտիուն նախ շնորհակալություն է հայտնել Զարեհ Սինանյանին հրավերն ընդունելու համար, ապա խոսել երկու պետությունների միջև սփյուռքի հարցերով գործացության առաջնահերթությունների և առաջիկա անելիքների մասին։
Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատարն իր կիպրացի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու Հայաստանում աշնանը կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին։
Աղբյուր․armdaily.am