ԿԱՊԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ, ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ. ՀՀ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՋԱՆՔԵՐԸ

«Armenians Forward Together – Առաջ միասին 2022» ֆորումի շրջանակում տարբեր երկրներից կազմակերպություններ և անհատներ միավորվել են՝ ներկայացնելու իրենց աշխատանքային գործունեությունը, քննարկելու իրենց նպատակները և համատեղ մշակելու նոր ծրագրեր՝ ուղղված Հայաստանի և Արցախի զարգացմանը: Երևանում անցկացվող եռօրյա ֆորումի մեկնարկը տրվեց օգոստոսի 4-ին:

Ֆորումը կազմակերպել են ԱՄՆ-ում, Կանադայում և Հայաստանում բնակվող անկախ կամավորներ, որոնք նպատակ ունեն կազմակերպությունների և անհատ մասնագետների համար հնարավորություն ստեղծել ընդլայնելու իրենց գործունեությունը՝ նոր անհատների ներգրավման կամ այլ կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում:

«Հավաքվել են այն մարդիկ, որոնք ուզում են համագործակցել, ներկայացնել իրենց գաղափարները, գտնել մարդկանց, որոնք ոչ միայն ֆինանսապես, այլ նաև իրենց գիտելիքներով, ջանքերով կարող են աջակցել գաղափարի զարգացմանը: Կան թե գաղափարի մակարդակում գտնվող նախագծեր, թե արդեն իրագործվող ծրագրեր»,-ասաց Ամերիկյան համալսարանի ասիստենտ-պրոֆեսոր, Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի գիտաշխատող Հռիփսիմե Մկրտչյանը:

Ֆորումի նպատակն է նույն հետաքրքրություններով, նոր նախագծերով մարդկանց համախմբել մեկ վայրում՝ հնարավորություն տալով մեկ հարթակում զրուցել, ճանաչել իրար, համագործակցել և ստեղծել նոր հնարավորություններ:

Սան Ֆրանցիսկոյից, Publicis Groupe ընկերությունից Արմինե Կարապետյանը նշեց, որ նման նախաձեռնության միտքն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո: «Մենք ցանկանում էինք մեր ուժը, գիտելիքները ներդնել, որ կարողանանք ինչ-որ բան կազմակերպել, որը կօգնի Հայաստանին, Արցախին»:

Եռօրյա ֆորումի միայն առաջին օրը ներկայացվեցին 19 տարբեր կազմակերպություններ և նախաձեռնություններ, այդ թվում կրթական, համայնքաշինական, սփյուռքի ներգրավվման և պատերազմի վետերաններին աջակցող: Իսկ արդեն հաջորդ 2 օրերին կանցկացվեն 14 սեմինարներ, որտեղ կքննարկվեն կրթության, մշակութային ժառանգության պահպանման, ճգնաժամային կառավարման, քաղցկեղի հետազոտության և այլ նախագծեր: Սեմինարի նախաձեռնողները կազմակերպություններ և մասնագետներ են՝ Հայաստանից, Արցախից, արտերկրից, ինչպես օրինակ Արցախի պետական նախարարի գրասենյակը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, LeranmingMission-ը, RepatArmenian-ն և այլ կազմակերպություններ:

Ֆորումի մասնակիցներից էր  Կալիֆորնիայում գտնվող Hye Hopes ընկերությունը ներկայացնող  Ալինա Վեհունին: Կազմակերպությունը ստեղծվել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո: «Մեր նախնական նպատակն էր օգնել Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներին, որոնք այդ օրերին զրկված էին կրթությունից: Հիմա օգնում ենք Սյունիքի դպրոցներին, դպրոցներում ստեղծում ենք համակարգչային լաբորատորիաներ, ապահովում ենք նոթբուքերով, որոնց միջոցով ԱՄՆ-ից ուսուցիչները հեռավար դասընթացներ են անցկացնում»,-ասաց նա:

Ընկերությունն արդեն լաբորատորիաներ է բացել Կապանում, Վերիշենում, Մեղրիում, հաջորդը Սիսիանի և Գորիսի դպրոցներն են: Ընկերությունը դասավանդում է նաև տարբեր առարկաներ՝ ռոբոտաշինություն, ծրագրավորում, առաջնորդություն, անգլերեն: Անդրադառնալով ֆորումին մասնակցությանը՝ Վեհունին ասաց. «Մենք ուզում ենք ստեղծել համագործակցություն այն կազմակերպությունների հետ, որոնք կրթության բնագավառում են գործունեություն ծավալում»,-ասաց նա:

Աղբյուր․ https://armenpress.am