Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ հովանավորությամբ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության և Հայկական բարեգործական ընդհանուր միության, ընթանում է «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն. սեպտեմբեր, 1922 թվական» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը, որի համակազմակերպիչներն են ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, ԳԱԱ պատմության ինստիտուտը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Սալոնիկի «Արիստոտել» համալսարանի պոնտագիտության ամբիոնը և Բեյրութի «Հայկազյան» համալսարանը: Վերջինիս նախագահ՝ վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանն այսպես սկսեց մեր զրույցը.
-Հերթական այցս հայրենիք պայմանավորված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացող միջազգային գիտաժողովին իմ մասնակցությամբ, կարևոր մի միջոցառում՝ նվիրված Զմյուռնիայի հայկական և հունական կոտորածների հարյուրամյակին: Զմյուռնիան, հազարամյակներ շարունակ լինելով հունական նավահանգստային խոշոր քաղաք և առևտրային կենտրոն, մի քանի հարյուր տարի հայության համար նույնպես եղել է մշակութային, հրատարակչական գործի ու կենսազարգացման ծաղկուն կենտրոն: 1922-ի սեպտեմբերին, երբ Թուրքիան սկսեց ծավալվել դեպի արևմուտք, նրա վերջին զավթումներից մեկը եղավ Զմյուռնիան, որին հաջորդեցին ահավոր սպանությունները, ոճրագործությունները, թալանն ու կողոպուտը, հրկիզումները: Սպանդից հրաշքով փրկված քրիստոնյաները՝ հիմնականում հայեր և հույներ, հաստատվեցին Հունաստանի ափերում, առավելապես՝ Աթենքում և Սալոնիկում: Ահա այս ողբերգությանն է նվիրված միջազգային գիտաժողովը, որում հատուկ զեկույցով հանդես կգամ նաև ես: Հավելեմ, որ նույն խորագրով կլինի նաև տասներեք պաստառից կազմված երկլեզու՝ հայերեն և անգլերեն ծանուցումներով լուսանկարների ցուցադրություն՝ վերցված թանգարան-ինստիտուտի ֆոնդերից, վերապրածների ժառանգների ընտանեկան արխիվներից, ինչպես նաև այլ հավաքածուներից տարատեսակ ցուցանմուշներ:
—Իսկ կա՞ն գիտաժողովի մասնակիցներ ուրիշ երկրներից:
-Իհարհե, կան: Գիտաժողովին մասնակցում են ցեղասպանագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ, արվեստաբաններ, հոգեբաններ, իրավունքի մասնագետներ Հայաստանից, Հունաստանից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Նիդերլանդներից, Իտալիայից և Չեխիայից: Այսինքն՝ նախատեսված են մեծաթիվ զեկույցներ՝ շուրջ քառասուներկու:
—Վերապատվելի, այժմ խոսենք Ձեր ղեկավարած «Հայկազյան» համալսարանի մասին. ե՞րբ է հիմնադրվել, ինչպիսի՞ն է դասախոսական կազմը, ուսանողական շերտը, միայն հայե՞ր են, թե՞…
-Համալսարանը հիմնվել է 1955-ին: Ի սկզբանե այն նախատեսված է եղել մանկավարժներ և ղեկավար մասնագետներ պատրաստելու, վերաորակավորման խնդիրներ լուծելու համար: Մտահոգություններից մեկն այն էր, որ Սիրիայի, Լիբանանի հայկական դպրոցները, որոնք հիմնվել էին հետեղեռնյա տարիներին՝ 1922-ից մինչև երեսունականները, գրեթե կորցնելու շեմին էին իրենց հին, փորձառու և բանիմաց ուսուցիչ-ուսուցչուհիներին, և նորերին պատրաստելու անհրաժեշտությունը կար: Ուստի Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցին, աջակցությամբ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության, որոշում է հիմնել ուսումնական մի հաստատություն՝ քոլեջ, որն ունենա միջազգային մակարդակ, հետևի ամերիկյան կրթական ծրագրերին, և ուսուցումը կազմակերպվի նաև անգլերենով: Առաջին սովորողները 43 հոգի էին, նրանցից 15-ը՝ օտարազգիներ: Բայց քոլեջի ղեկավարները շուտով հասկացան, որ միայն ուսուցիչներ պատրաստելը բավարար չէ, կարիք կա նաև այլ մասնագիտությունների՝ հումանիտար, հասարակական, քաղաքական, տնտեսագիտական, զանազան այլ մասնագիտությունների մասին մտածել: Եվ մտահոգությունները վերածեցին իրողության՝ քոլեջը դարձավ այդպիսին: 1960-ականների վերջերին Լիբանանում «Հայկազյանը» հայտնի դարձավ որպես տնտեսագիտության կարևորագույն դպրոցներից մեկը: 1970-ի սկզբներին ծնվեց նաև հաստատության հայագիտական հանդեսը, որը, որոշակի ընդհատումներով, հրատարակվում է առ այսօր: Սկսած այս տարվանից՝ հանդեսը լույս կտեսնի երկու հատորով, այսինքն՝ կկրկնապատկի տպագրելիք յոթհարյուր էջանոց անտիպ նյութերի թիվը:
—Հետաքրքիր է համալսարանի անվանումը՝ «Հայկազյան»: Ինչու՞…
-Երբ 1955-ին հիմնվելու էր հաստատությունը, դրա առաջին նվիրատուներից մեկին՝ Միացյալ Նահանգներում բնակվող Ստեփան Մեխակյանին, հարցնում են, թե ո՞ւմ անունը պետք է կրի այն: Ստեփանը և նրա կինը՝ Մարին, առաջարկում են, որ այն կոչվի եղեռնի նահատակ, վերապատվելի դաստիարակ, պրոֆեսոր Արմենակ Հայկազյանի անունով, ով իրենց ուսուցիչն էր եղել և Մարիի հայրը: Այս պատվելի ու վաստակաշատ հայն Արիզոնայում «Ջենամյան» քոլեջի տնօրենն էր, որի մասին 1921 թ. ամերիկյան հեղինակավոր թերթերից մեկը՝ «Նյու Յորք Թայմսը», գրել է. «Վախճանվել է Միջին Արևելքի ամենանշանավոր մանկավարժը…»: Մեր համալսարանը ահա այս բարձր ու հեղինակավոր մարդու անունն է կրում, ում հիշատակին խոնարհվում ենք տասնամյակներ շարունակ…
—Չմոռանանք դասախոսական կազմի, ուսանողության մասին…
-Քանի որ, բացի հայագիտական առարկաներից, օգտագործվող լեզուն անգլերենն է, ուստի մեր դասախոսների երկու երրորդը տարբեր ազգի են՝ Միջին Արևելքի երկրներից, Եվրոպայից, նաև Ամերիկայից, իսկ մեկ երրորդը՝ մեր ազգակիցներ: Ընդհանուր աշխատակազմում (գրասենյակներ և այլն), սակայն, հայերի թիվը գերակշռող է, և շփումները՝ մայրենիով: Ասեմ, որ մենք գործում ենք Բեյրութի կենտրոնական շրջանում գտնվող վեց մասնաշենքերում: Այժմ ունենք 700 ուսանող, որոնց 40-42 տոկոսը հայեր են՝ առավելապես Սիրիայից և Լիբանանից, մի քանիսը՝ Արաբական ծոցից, հազվադեպ՝ նաև Հայաստանից: Բացի մագիստրատուրայից և բակալավրիատից, համալսարանն ունի նաև ուսուցիչների վերաորակավորման կենտրոն, որտեղ տարեկան 400 ուսուցիչներ են վերապատրաստվում:
Բուհը ճանաչված է նաև իր «առատաձեռնությամբ», այսինքն՝ հսկայական զեղչեր, բարեգութ վերաբերմունք ուսանողների նկատմամբ, տարեկան շուրջ մեկ միլիոն դոլարի օժանդակություն մանավանդ հայ ուսանողներին, որպեսզի նյութական սուղ պայմանները չխաթարեն նրանց ուսումնառությունը: Հպարտությամբ ասեմ, որ մեր շրջանավարտներն աշխարհով մեկ տարածված են այսօր, արժանացել են մեծամեծ պաշտոնների: Շատերն իրենց ուսումը շարունակում են աշխարհի լավագույն համալսարաններում՝ Լիբանան, Եվրոպա, Կանադա, Նահանգներ, այլուր: Ունենք «Հայկազյանի» ուսումնառությամբ գրողներ, խմբագիրներ, հայկական դպրոցների տնօրեններ, հայ գաղթօջախներում, եկեղեցական ու հոգևոր կյանքում պատասխանատու գործունեություն ծավալած բազմաթիվ մեր նախկին սաներ: Ի վերջո, մեր համալսարանը ոչ միայն Լիբանանում, այլև նրա շրջանակներից դուրս է ճանաչված և վայելում է վաստակած անուն ու հեղինակություն: Այն համագործակցում է ամերիկյան ու հայրենի համալսարանների, ինստիտուտների, թանգարանների, գրադարանների հետ: Տարին մեկ անգամ վերոնշյալ հայագիտական հանդեսի շնորհանդեսն ենք կատարել Երևանում, Գյումրիում, նաև Ստեփանակերտում:
—Գիտաժողովն անցկացվում է Ցեղասպանության թանգարանում: Իսկ ինչպե՞ս է ոգեկոչվում Ապրիլի 24-ը «Հայկազյանում»:
-Նկատի ունենալով, որ մեր ուսանողների կեսից ավելին հայեր չեն, մենք մեծ պատասխանատվությամբ և ըստ պատշաճի ենք ոգեկոչում այդ օրը: Ուզում եմ հիշել, թե ինչպես միջոցառումներից մեկից հետո ինձ մոտեցավ մեր արաբ ուսանողներից մեկը և ասաց, որ ինքը տեղյակ էլ չէր, որ 1915-ին թուրք իշխանությունները նման բարբարոսություն են ծրագրել և իրագործել իրենց բուն հայրենիքում ապրող հայերի հանդեպ: Ի դեպ, մեր ծրագրերում էլ է ներառված Հայոց եղեռնը, որին գումարվում է նաև եղեռնի մասին պատմող հանրահայտ գրքերի ընթերցումը: Չմոռանամ հիշատակել, որ համալսարանի բակում տեղադրված է եղեռնի ոգեկոչմանը նվիրված հուշակոթող՝ անմոռուկի տեսքով, որին այցելելով՝ հյուրերը, դիվանագետները ծաղիկներ են խոնարհում, ծանոթանում եղեռնի պատմությանը, լուսանկարվում կոթողի ֆոնին…
—Եվ իմ վերջին հարցը՝ ինչպե՞ս եք տեսնում այսօր էլ ծանր փորձություններ հաղթահարող մայր հայրենիքի ապագան…
-Որքան էլ ծանր լինեն պայմանները, մենք պետք է սովորենք տեր կանգնելու այն հարստությանը, որը կոչվում է հայրենիք, հայրենի հող, հայրենի մշակույթ: Հայրենիքը վերացական հասկացություն չէ: Երկիրը հայրենիք է կոչվում, որովհետև նրանում ունենք անցյալ, արմատ և որում կերտելու ենք մեր ապագան: Իրավիճակը, այո, ծանր է, հուսախաբությունները՝ շատ, ճնշումները՝ անպակաս: Բայց որտեղ էլ լինենք, ինքներս մեզ լքել չենք կարող: Հայրենիքը նաև ավանդ է: Քաղաքական իրողություններն անցողիկ են՝ գալիս են ու գնում: Կարևորն այն է, որ ինքներս մեզ չվնասենք, թույլ չտանք այնպիսի կորուստներ, որոնց վերագտնելն այլևս անհնարին կդառնա… Ամփոփեմ ասելիքս. ես ապրել եմ սփյուռքում և միշտ զգացել եմ, որ տարբեր երկրներում բնակվող հայերս հպարտ ենք մեր գրականությամբ, մեր մշակույթով, մեր լեզվով, մեր հավատքով, անգամ մեր խոհանոցով: Բայց այս ամենը բավարար չեն հայրենիք պահելու համար: Հայրենիք պահելը, ինչպես այսօր ենք տեսնում, քրտինք է, արյուն է, զոհողություն է, անձնուրացություն է ու նվիրում: Հայրենիքը ես չեմ: Հայրենիքը բոլորս ենք…
Զրույցը՝ Հակոբ ՍՐԱՊՅԱՆԻ
Աղբյուր․ armenpress.am