ՄՈՆ ԴԵ ՄԱՐՍԱՆ ԵՎ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Ապրիլի 2-ին Ֆրանսիայի Մոն դե Մարսան քաղաքում «Երազ» հայկական մշակութային փառատոնին մասնակցելու այցի շրջանակներում Գյումրու պատվիրակությունը՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի գլխավորությամբ, Մոն դե Մարսան և Գյումրի քաղաքների միջև կնքվել է քույր քաղաքների հուշագիր: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Հուշագրի ստորագրումից հետո Մոն դե Մարսանի կենտրոնական զբոսայգում տեղի է ունեցել Մոն դե Մարսանին նվիրված հայկական խաչքար-ցայտաղբյուրի բացման արարողությունը: Միջոցարմանը մասնակցել են քաղաքապետ Շառլ Դայոն, Գյումրիի առաջին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը, ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Մոն-դե-Մարսանում Գասկոն թատրոնի տնօրեն Անտուան Գարիելը, «Երազ» փառատոնի նախագահ Անտուան Գարիելը, ինչպես նաև Մոն դե Մարսանի և Գյումրիի քաղաքային խորհուրդների անդամներ, տեղի բնակիչներ և բազմաթիվ հյուրեր:

Խաչքարը ստեղծվել է գյումրեցի ճարտարապետ Սուրեն Կուրազյանի կողմից՝ որպես Գյումրիի նվեր Մոն դե Մարսանին։